ԱՄՆ-ի 32 նահանգներում գտնվող մոտ 276 «ապաստարան քաղաքներ»-ի նահանգային և քաղաքային իշխանությունները չեն համագործակցում հանցանք իրականացարած անփաստաթուղթ ներգաղթյալների տվյալների տրամադրման հարցում:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ճնշում է գործադրում այն 23 նահանգների և քաղաքների իշխանությունների վրա, որոնք մինչ օրս հրաժարվում են համագործակցել ներգաղթի դաշնային իշխանությունների հետ՝ չտրամադրելով նրանց հանցանք գործած անփաստաթուղթ ներգաղթյալների անձնական տվյալները:
Անփաստաթուղթ ներգաղթյալների համար ապաստան հանդիսացող ամերիկյան մի շարք քաղաքների բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքապետեր բոյկոտել ու հրաժարվել են Թրամփի հետ հանդիպումից:
«Ինչպես գիտեք ապաստարան քաղաքները հանցագործների և կարտելների ամենասիրելի վայրերն են: Արդյունքում՝ աճում է անմեղ ամերիկացիների մահացությունների թիվը», - հայտարարել է Թրամփը:
Կալիֆոռնիան, ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված և միաժամանակ ամենահարուստ նահանգներից մեկը, որն ունի բազմաթիվ «ապաստարան քաղաքներ», հրաժարվում է համագործակցել Թրամփի վարչակազմի հետ:
«Ոչ մի ոստիկան, քաղաքապետարանի աշխատակից, կամ իրավապահ չի դիմի հարկադիր գործողության: Մենք չենք համագործակցելու հետաքննութուն իրականացնող մարմինների հետ, չենք տրամադրելու անձնական,կոնտկատային և որևէ այլ տվյալներ», - հայտարարել է Բերկլիի քաղաքապետ Հեսե Արեգուինը:
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը սպառնում է կրճատել այս քաղաքների և նահանգների միլիոնավոր դոլարների հասնող դաշնային օգնությունը, եթե վերջիններս չտրամադրեն ներգաղթի վարչությանը անփաստաթուղթ ներգաղթյալների մասին ոստիկանության և բանտերի ունեցած տվյալները:
Ապաստարան քաղաքների պաշտպանները նշում են, որ բարելավում են հանրային անվտանգությունը՝ պահպանելով ներգաղթյալների համայնքների և տեղական իրավապահ մարմինների հանդեպ վստահությունը: