Վաշինգտոնը կոչ է արել թուրքական և քրդական կողմերին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից

Աֆրինի քարտեզ, Սիրիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում թուրքական զորքերը վերացրել են 268 քուրդ զինյալներ: Թուրքիան գտնում է , որ նրանք կապ ունեն ահաբեկչական կառույց համարվող Քրդական բանվորական կուսակցության հետ և սպառնում են Թուրքիայի տարածքային ամբողջականությանը:

«Այս գործողությունները կշարունակվեն մինչև չչեզոքացվի վերջին զինյալն այն ահաբեկչական կառույցի, որը վերջին տարիներին կուտակել է այստեղ զենք ու զինամթերք՝ բեռնված շուրջ 5000 բեռնատարում և 2000 ինքնաթիռում: Մեր պարտականությունն է մաքրել այս շրջանը ահաբեկչական կազմակերպություններից»,- հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ քրդական զորամիավորումներն այստեղ հաջող մարտական գործողություններ են վարել Դաեշ-ի դեմ և ազատագրել այս տարածքները ահաբեկչական խմբավորումից:

«Մենք մեր հաղթանակը ցույց ենք տվել համայն աշխարհին: Մենք պատրաստվում ենք նորից հաղթել: Ողջ քուրդ ժողովուրդը մեզ հետ է, մեզ հետ է նաև Աֆրին քաղաքն ու ամբողջ շրջանի բնակչությունը»,- ասել է Քոբանիում քրդական զորամիավորումների հրամանատար Իսմեթ Հեսենը:

Միացյալ Նահանգները, որը աջակցում էր քրդական զորամիավորումներին Դաեշ-ի դեմ պայքարում, մտահոգություն է հայտնել Անկարային այս առիթով և կոչ արել վերադառնալ Դաեշ-ի դեմ պայքարին:

«Մեզ անհրաժեշտ է լրջորեն կենտրոնանալ Աֆրինում տիրող իրավիճակին՝ լարվածությունն այստեղ նվազեցնելու համար: Պետք է վստահ լինենք, որ խաղաղ բնակչությունը չի տուժի, բռնություններ տեղի չեն ունենա, իսկ Թուրքիայի արդարացի մտահոգություններն ուշադրության կարժանանան, որպեսզի շարունակենք պայքարը Դաեշ-ի և դրա սպառնալիքների դեմ, հատկապես Սիրիայի հարավում և արևելքում»,- հայտարարել է Պենտագոնի խոսնակ մայոր Ադրիան Գալովեյը:

Պենտագոնի մամլո խոսնակի խոսքերով այն ուժերը, որոնք կդադարեն պայքարել Դաեշ-ի դեմ, այլևս չեն ստանա ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, ներառյալ քրդական զորամիավորումները:

Վաշինգտոնը կոչ է արել թուրքական և քրդական կողմերին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից և սկսել բանակցություններ, որպեսզի հնարավոր լինի կրկին կենտրոնանալ Դաեշ-ի դեմ պայքարի վրա, քանի որ ահաբեկչական խմբավորումը շարունակում է փորձեր ձեռնարկել թուրք-սիրիական սահմանին ընկած հատվածը վերահսկողության տակ վերցնելու համար: