ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը հեռու չէ նոր դադարից

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի կառավարության ժամանակավոր դադարն այս անգամ շատ կարճ տեւեց՝ աշխատանքային միայն մեկ օր։ Դաշնային կառավարությանը պատկանող հաստատությունները վերսկսեցին աշխատանքը, երբ Սենատում դեմոկրատները համաձայնեցին շարունակել դաշնային հաստատությունների ֆինանսավորումը եւս մի քանի շաբաթ՝ ստանալով հավաստիացումներ հանրապետական սենատորներից, որ փետրվարի 8-ին քվեարկության կդրվի փախստականության մասին օրենքի նախագիծը։


Չնայած ԱՄՆ-ում շաբաթ օրվանից դադարել էր դաշնային հաստատությունների ֆինանսավորումը, եւ իրենց աշխատանքը լիովին կամ մասնակիրորեն դադարեցրել էին դաշնային գործակալությունները, այս փակուղուց կառավարությունը դուրս բերելու համար կոնգրեսականներն աշխատում էին առավոտից մինչ ուշ գիշեր։

Դեմոկրատներն այս ընթացքում շեշտը դնում էին անչափահաս տարիքում անօրինական կերպով Ամերիկա բերված ավելի քան 8ՕՕ հազար փախստականների խնդրի, սահմանային անվտանգության ու մի քանի այլ խնդիրների վրա։ Նրանք պնդում էին, որ բյուջեն կհաստատեն միայն այս խնդիրների շուրջ համաձայնության գալուց հետո։

Ինչպես Սենատում դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերն ասաց,՝՝Հանրապետական մեծամասնությունն ունի 17 օր ժամանակ՝ թույլ չտալու համար, որ դրիմերներն արտաքսվեն երկրից՛՛։

Հիշեցնենք, որ դրիմերները նշված այն 8ՕՕ հազար երիտասարդներն են, որոնց տրվել է ժամանակ՝ այստեղ աշխատելու ու սովորելու համար։ Սակայն շուտով լրանում է վերջնաժամկետը ու դեմոկրատները փորձում են գտնել նրանց կեցությունը երկարաձգելու ուղիներ։

Այնպես որ փետրվարի 8-ին Կոնգրեսում ավելի մեծ ու լարված քննարկումներ են սպասվում բյուջեի շուրջ, որոնք ուղիղ համեմատական կապ կունենան այս 8ՕՕ հազարի առնչությամբ Օբամայի օրոք հաստատված ԴԱԿԱ ծրագրի ու սահմանային անվտանգությանն առնչվող հարցերի հետ։

Հանրապետական սենատորներից Լինդզի Գրեհեմի խոսքերով, ՝՝Երբ սկսենք բանակցել փախստականների խնդրի շուրջ, կարծում եմ, կունենաք 6Օ ձայն, որպեսզի ԴԱԿԱ ծրագրից օգտվող երիտասարդների երազանքները չխորտակվեն՛՛։

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները սակայն կասկածով են վերաբերվում հանրապետականների հավաստիացումներին։ Ինչպես նրանցից Հաքիմ Ջեֆրիզն է ասում, ՝՝Պահանջում ենք, որ Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընը հավաստիացնի, որ հաստատ նպատակադրված է շտկել ներգաղթի խախտված համակարգը՛՛։

Իսկ որեւէ գործարք, որը հավանության կարժանանա Սենատում, ավելի դժվար ճանապարհ կանցնի Ներկայացուցիչների պալատում, որտեղ հանրապետականներն ունեն նկատելի առավելություն։

Իսկ դա նշանակում է, որ դաշնային կառավարությունը շուտով կարող է նորից մտնել ժամանակավոր կանգառի փուլ։