Վաշինգտոնը կոչ է անում Անկարային ցուցաբերել զսպվածություն

Թուրքիան շարունակում է ռազմական գործողություններն ընդդեմ Սիրիայի քրդական զորամիավորումների՝ ձգտելով դուրս մղել դրանց Աֆրինի շրջանից:

Քրդական զորամիավորումները հաղորդում են, որ այստեղ տեղի են ունեցել բախումներ թուրք-քրդական ուժերի միջև: Թուրքական կողմն իր հերթին ընդգծում է, որ ռազմական գործողությունները կնվազեցնեն ահաբեկչության սպառնալիքը Թուրքիայի համար:

Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայի քրդական զորամիավորումների՝ ավելի հայտնի որպես «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի դեմ ռազմական գործողությունների նպատակն է ստեղծել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի Աֆրինի շրջանի ներսում, որն, ըստ Անկարայի, կպաշտպանի թուրքական քաղաքները հարձակումներից:

Հիշեցնենք, որ Անկարան մեղադրում է Սիրիայի քրդական զորամիավորումներին Թուրքիայի ներսում գործող քրդական ապստամբ շրջանակների հետ կապ ունենալու մեջ: «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ը Միացյալ Նահանգների դաշնակիցներն են Դաեշ-ի դեմ պայքարում:

Խոշոր տերություններն արձագանքում են ստեղծված իրավիճակին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլեռսոնը կոչ է արել Թուրքիային «զսպվածություն դրսևորել» և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սպառնալ խաղաղ բնակչությանը: Նա այս կոչով դիմել է իր թուրք և ռուս գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում՝ ընդգծելով, որ թուրքական կողմի հիմնավորված մտահոգությունները պետք է քննարկվեն: Աֆրինի գործողությունները կարող են էլ ավելի լարել ՆԱՏՕ-ի գործընկերներ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները:

Ֆրանսիան իր հերթին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են խանգարել Դաեշ-ի դեմ պայքարին: Փարիզը ցանկանում է հրավիրել արտահերթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստ՝ իրավիճակը քննարկելու համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին քննադատել է ամերիկյան կողմին՝ ստեղծված իրավիճակը չհասկանալու մեջ: Նա նաև անդրադարձել է Սիրիայում քրդական ուժերի հետագա քաղաքական ճակատագրին.

«Քաղաքական գործընթացներում քրդերը պետք է ունենան իրենց դերակատարությունը, սակայն դա պետք է լինի ընդհանուր հարթակի ներքո, որտեղ Սիրիայի բոլոր էթնիկ, կրոնական և քաղաքական ուժերը պետք է հարգեն Սիրիայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Լավրովը:

Հայտնի է, որ Թուրքիայում կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք սակավաթիվ բողոքի ցույցեր ընդդեմ Աֆրինի գործողությունների, որոնք արագորեն կանխվել են ոստիկանության կողմից: Գրանցվել են մի շարք ձերբակալություններ, իսկ լրագրողներին հորդորել են զերծ մնալ դրանց լուսաբանումից: