Թրամփի թվիթերյան գրառումները լուրջ լարվածություն են առաջացրել երկու երկրների հարաբերություններում:
Պակիստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Կարաչիում աճում են հակաամերիկյան տրամադրությունները՝ ի պատասխան Թրամփի մեղադրական թվիթերյան գրառումների: Վերջին օրերին Թրամփն իր թվիթերյան գրառումներում մեղադրել էր Պակիստանին «ստի և խաբեության», ինչպես նաև՝ ահաբկիչների ապաստան տրամադրելու մեջ:
ԱՄՆ-նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄքՄասթերը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-Պակիստան հարաբերությունների վերջին զարգացումներին.
«Սա ջանք է, որն ուղղված է Պակիստանին՝ հասկացնելու, որ մեր հարաբերությունները այլևս չեն կարող կրել հակասությունների կշիռը և մենք, իսկապես, պետք է սկսենք միասին աշխատել Աֆղանստանի կայունացման հարցում, որը բխում է նաև Պակիստանի շահերից»:
Վաշինգտոնը բազմիցս է մեղադրել Պակիստանին Աֆղանստանում ամերիկացի զինվորականների վրա հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տրամադրելու մեջ, բայց այժմ քննադատությունների ալիքն ավելի է սաստկացել:
«ԱՄՆ-ը 255 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Պակիստանին հստակ նպատակներով: Սակայն Պակիստանը տարիներ շարունակ կրկնակի խաղ է անցկացրել: Նրանք երբեմն աշխատել են մեզ հետ, բայց միաժամանակ՝ աջակցել Աֆղանստանում մեր զորքերի վրա հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին, ինչը ընդունելի չէ այս վարչակազմի համար», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին:
Նշենք նաև, որ երեքշաբթի օրը Պակիստանը հետ կանչեց ԱՄՆ-ից իր դեսպանին՝ որակելով Թրամփի գրառումները «անհասկանալի»:
Մերձավոր Արևելքի հաստատության փորձագետ Մարվին Վեյնբաումի համոզմամբ երկու երկրներում էլ շահագրռգիռ կողմերը հասան իրենց նպատակին՝ տարեսկզբին արդյունավետ ճանապարհներով փակուղի մտցնելով և սեպ խրելով ԱՄՆ-Պակիստան հարաբերություններում: