Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը օրերս հանդես է եկել Հորդանան գետի արևելյան ափի հրեական բնակավայրերն անեքսիայի ենթարկելու կոչով: Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից գրավված այս տարածքները պաղեստինյան կողմը դիտարկում է որպես իր ապագա պետության տարածք:
Եթե Իսրայելն այս տարածքներում հաստատի քաղաքացիական վերահսկողություն, ապա կաշխուժացնի հրեական բնակավայրերի կառուցումն այստեղ: Այս պահին այդ տարածքները գտնվում են իսրայելական բանակի վարչական վերահսկողության ներքո, և այստեղ բնակարանաշինություն իրականացնելու համար վերջին խոսքը Իսրայելի պաշտպանության նախարարությանն է:
Վարչապետ Նեթանյահուն ներկա չի գտնվել իր կուսակցության հանդիպմանը, ուր առաջ է քաշվել այս նախաձեռնությունը, սական նա պարտավորված չէ ի կատար ածել այն: Միջազգային հանրության զգալի հատվածն այս տարածքները դիտարկում է գրավված, և չի ճանաչում դրանք որպես Իսրայելի մաս:
Հիշեցնենք, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը լարվածության նոր ալիք էր բարձրացրել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում: Կիրակի օրը Պաղեստինյան ինքնավարությունը խորհրդակցության համար հետ է կանչել իր ներկայացուցչին Վաշինգտոնից: Միևնույն ժամանակ, ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը «Ֆաթահ» շարժման 53-րդ տարեդարձին նվիրված իր խոսքում երդվել է չկրկնել նախկինում գործած սխալը ու Երուսաղեմը անվանել ՝՝Պաղեստինի ժողովրդի հավերժական մայրաքաղաք՛՛: