Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ում այս ամիս Օլիմպիական կոմիտեն ցմահ որակազրկեց բոլոր Օլիմպիական խաղերին ներգրավված լինելու իրավունքից, հեռացել է Ռուսաստանում հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլիաշխարհի առաջնության կազմակերպչական կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Մեկ այլ ռուսական լրատվական գործակալության հաղորդմամբ, Ալեքսեյ Սորոկինը կփոխարինի Մուտկոյին այդ պաշտոնում:
«Սորոկինը կաշխատի ՖԻՖԱ-ի հետ: Ես կհամակարգեմ աշխատանքը կառավարության կողմից»,- հայտարարել է Մուտկոն:
Հիշեցնենք, որ Վիտալի Մուտկոն ներգրավված էր 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիադայի դոպինգային սկանդալում, որի արդյունքում Ռուսաստանը զրկվեց բազմաթիվ մեդալներից:
Բացի այդ, Միջազգային Օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանի թիմին Ռուսաստանի դրոշի ներքո մասնակցել հաջորդ Օլիմպիական ձմեռային խաղերին, որոնք կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ ապացուցվեց, որ Ռուսաստանի թիմի դոպինգային ծրագիրը կրել է համակարգված բնույթ:
Վիտալի Մուտկոն հերքել է, որ դոպինգային ծրագիրը վայելել է պետության աջակցությունը: Նա նաև տեղեկացրել է, որ ժամանակավորապես թողնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնը: