Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից կազմակերպված Սոչիում անցկացվելիք բանակցությունները մեծ աջակցության են արժանացել Սիրիայի ժողովրդի կողմից և որ բանակցությունների նպատակն է ուղի հարթել ՄԱԿ-ի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար:
Սակայն Սիրիայի ապստամբները մերժում են բանակցություններ սկսելու մասին Ռուսաստանի այս նախաձեռնությունը, Մոսկվային մեղադրելով Ասադին աջակցելու և Սիրիայի կառավարության հանդեպ ճնշում չգործադրելու մեջ:
Երեքշաբթի օրը ապստամբների և ընդդիմության 40 խմբեր հայտարարել են, որ Ռուսաստանի այս նախաձեռնության նպատակը ՄԱԿ-ի նախաձեռնած խաղաղության բանակցություններին խոչընդոտելն է: Նրանց կողմից ստորագրված հաղորդագրությունում գրված է. «Մենք մերժում ենք այս նախաձեռնությունը և հաստատում ենք, որ Ռուսաստանը ագրեսոր է, որը Սիրիայի ժողովրդի հանդեպ պատերազմական հանցագործություններ է իրականացրել»:
Սիրիայի կառավարությունը իր հերթին հաստատել է, որ իրենք կմասնակցեն բանակցային գործընթացին: Ասադը լրագրողներին հայտնել է, որ Սոչիում կայանալիք բանակցությունների նպատակն է քննարկել նոր ընտրությունների անցկացումը և սահմանադրության մեջ հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը։
Հիշեցնենք, որ 2011 թվականին հակակառավարական ցույցերից սկսված հակամարտության հետևանքով մոտ 330,000 մարդ է զոհվել, իսկ միլիոնավոր այլոք ստիպված են եղել լքել իրենց տները:
Your browser doesn’t support HTML5