Անցնող տարին աչքի ընկավ սեռական ոտնձգության մեղադրանքների բազմաթիվ սկանդալներով քաղաքական, լրատվական և կինոարտադրության ոլորտներում:
Մեղադրանքների շարանը սկիզբ առավ հոկտեմբերին ամերիկացի հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով: Շուտով Վայնշտեյնին մեղադրող կանանց թիվը անցավ 80-ը, և երևույթը ստացավ «Վայնշտեյնի էֆեկտ» անվանումը:
Այնուհետև նմանատիպ մեղադրանքներ հնչեցին կինոարտադրության, լրատվության և երաժշտական ոլորտների այլ հսկաների հասցեին: Չխուսափեց դրանից նաև քաղաքական ասպարեզը:
Առաջին մեղադրանքը հնչեց դեմոկրատ սենատոր Ալ Ֆրանքենի հասցեին, ով մեղադրվեց ռադիո հաղորդավարուհու դեմ սեռական ոտնձգության մեջ: Արդյունքում սենատոր Ֆրանքենը հայտարարեց իր մոտակա հրաժարականի մասին:
Հաջորդը դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոնյերսն էր, ով ևս հրաժարական տվեց իր անձնակազմի նախկին մի շարք աշխատակցուհիների մեղադրանքներից հետո:
Մեկ այլ դեպքում առնվազն 9 կանայք մեղադրեցին Ալաբամա նահանգում ԱՄՆ-ի Սենատի հանրապետական թեկնածու Ռոյ Մուրին սեռական ոտնձգության մեջ: Մեղադրողներից շատերի պնդմամբ միջադեպը տեղի է ունեցել, երբ նրանք եղել են դեռահաս տարիքում:
ԱՄՆ-ի վարչակազմը, չնայած այս սկանդալներին, պաշտպանել էր Մուրի թեկնածությունն ընտրություններին, սակայն վերջինս պարտվեց ընտրություններում։ Արդյունքում վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Ալաբամա նահանգն ունեցավ դեմոկրատ սենատոր:
Վերջին ամիսների ընթացքում ավելի քան 60 տղամարդ պաշտոնազրկվեցին կամ հեռացան պաշտոնից սեռական ոտնձգության մեղադրանքների պատճառով: Խնդիրը բարձրաձայնվեց մամուլում և սոցիալական ցանցերում: «Թայմս» պարբերականը տարվա մարդ հայտարարեց «նրանց, ովքեր բարձրաձայնել են սեռական ոտնձգության մասին»:
Սեռական ոտնձգության սկանդալների շարանի արդյունքում պետական և մասնավոր հատվածի կառույցներում անցկացվեցին դասընթացներ այս խնդրի վերաբերյալ:
Հանրությունն ավելի զգայուն և տեղեկացված դարձավ այս հարցի առնչությամբ: