Կատալոնիայում բացարձակ մեծամասնություն շահեցին անկախականները

Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայի երկրամասում անցկացված ընտրությունների արդյունքում անկախության կողմնակից բոլոր կուսակցությունները միասին 123 տեղանոց նոր խորհրդարանում ստացան 7Օ աթոռ։ Սա մի բարոյական հարված էր Իսպանիայի կառավարությանը եւ վարչապետ Մարիանո Ռահոյին, որը Կատալոնիայի կառավարությունը ցրել էր հոկտեմբեր ամսին այստեղ անկախության հանրաքվե անցկացնելու, այնուհետեւ՝ անկախություն հռչակելու պատճառով։ Հիշեցնենք, որ անկախության հռչակումից հետո Մադրիդը հրահանգել էր ձերբակալել Կատալոնիայի քաղաքական մի շարք գործիչների։

Ներկայումս աքսորյալ է համարվում Կատալոնիայի նախկին նախագահ Կարլես Պուջդեմոնը, որը սկսված ձերբակալությունների օրերին փախուստի էր դիմել դեպի Բելգիա։ Ընտրություններից հետո նա Բելգիայից հայտարարել է. ՝՝Որպես Կատալոնիայի նախագահ, ցանկանում եմ շնորհավորել իմ ժողովրդին ժողովրդավարության ու քաղաքակրթության այս մեծ քննությունը հանձնելու համար՛՛։

Սակայն անկախության կողմնակից կուսակցություններն այս անգամ երկու տեղով զիջում են 2Օ15 թվականի ընտրությունների արդյունքում ստացած աթոռների թվին, եւ առաջին անգամը լինելով, Իսպանիայի հետ միասնության կողմնակից ՝՝Քաղաքացիներ՛՛ կուսակցությունը հաղթող է դուրս գալիս ընտրություններում։ Հարցն այն է, որ այն միայնակ չի կարող կազմել կառավարություն։ Եվ կոալիցիոն կառավարություն կազմելու պատրաստակամությամբ են հանդես գալիս անկախության կողմնակից կուսակցությունները։

Նրանք հայտարարում են նաեւ, որ այժմ ունեն Մադրիդից անկախանալու հանրաքվե հրավիրելու օրինական մանդատ։

Կատալոնիայի անկախության հռչակագիրը չեղյալ հայտարարած Իսպանիայի վարչապետ Ռահոյի կուսակցությունը Կատալոնիայի ընտրություններում տարել է ջախջախիչ պարտություն՝ նախկին 11 աթոռի դիմաց ստանալով միայն 3 տեղ։