Սպիտակ տունը օրերս երախտագիտություն է հայտնել այն մասնավոր ընկերություններին, հատկապես Microsoft-ին և Facebook-ին, որոնք օգնել են բացահայտել Հյուսիսային Կորեայի կիբեռ հարձակվողներն ու կանխել նորերը:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչը պատմել է, որ խնդրի մասին իրենք տեղեկացել են մայիս ամսին Եվրոպայի իրենց գործընկերներից: Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտը դարձել էր այս հարձակումների առաջին զոհը։
Ամերիկյան փորձագետներին հաջողվել է բացահայտել, որ կիբեռ հարձակման հեղինակները Հյուսիսային Կորեայից են և կապված են տեղի իշխանությունների հետ:
Փորձագետներն այս ակտիվությունը կապում են Փհենյանի ֆինանսական սուղ միջոցների հետ: Այս հարձակման շնորհիվ Փհենյանը հնարավորություն է ստացել օգտագործելու բիթքոյինն ու այլ արժույթի միջոցներ՝ վարչակարգը ֆինանսավորելու համար:
Ամերիկյան պաշտոնատար անձինք նշել են, որ ԱՄՆ-ը միջազգային ասպարեզում միջոցներ կձեռնարկի կիբեռ հարձակումները կանխելու և բացառելու ուղղությամբ։
Հյուսիսային Կորեան մեղադրվում է վիրուսի միջոցով այնպիսի կազմակերպությունների տեղեկատվական բազաներից տեղեկություններ գողանալու մեջ, ինչպիսիք են Sony Pictures Entertainment, Telefonica ընկերություններն ու Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտը: