Հռոմի Ֆրանցիսկոս Պապը և Հորդանանի թագավորը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը վտանգավոր են որակել, իսկ Մակրոնը հայտարարել է, որ ակնկալում է տեսնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի համապարփակ ծրագիրը:
Վերջերս Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ փոխեց տասնամյակների ընթացքում իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ առաջ բերելով թե՛ Վաշինգտոնի արևմտյան դաշնակիցների, թե՛ պաղեստինցիների և արաբական աշխարհի վրդովմունքն ու մտահոգությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հորդանանի Աբդուլլահ II-րդ թագավորը երեքշաբթի օրն անցկացրած հանդիպման ընթացքում հայտարարել են, որ սպասում են իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղության գործընթացի շուրջ ԱՄՆ-ի նոր համապարփակ ծրագրին: Մակրոնը դեկտեմբերի 22-ին Փարիզում կհանդիպի նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ:
Իսրայելը Երուսաղեմը համարում է իր հավերժական և անբաժանելի մայրաքաղաքը՝ ցանկանալով այնտեղ տեսնել օտարերկրյա բոլոր դեսպանատները, մինչ պաղեստինցիները ցանկանում են, որ Երուսաղեմի արևելյան հատվածը ճանաչվի որպես ապագա անկախ Պաղեստին պետության մայրաքաղաքը, չնայած այն հանգամանքին, որ1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից արեւելյան Երուսաղեմի բռնակցումը առայսօր չի ճանաչվում միջազգային հանրության կողմից:
Փարիզում Մակրոնն ու Հորդանանի Աբդուլլահ II թագավոր ըը վերահաստատել են, որ ժամանակն է, որպեսզի Ֆրանսիան իր նախաձեռնությամբ հակամարտության կարգավորմանը ներգրավի երկու կողմերին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված քվեարկությունից հետո, երբ ԱՄՆ-ը վետոյի էր ենթարկել Թրամփի որոշումը դատապարտվող բանաձեւը, Թուրքիան կոչ է արել քննարկումը տեղափոխել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա:
ՄԱԿ-ի 193 անդամ-երկրներից բաղկացած Գլխավոր ասամբլեան՝ արաբական և մահմեդական պետությունների խնդրանքով դեկտեմբերի 21-ին արտակարգ նիստ կհրավիրի` քննարկելու Երուսաղեմի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հռչակագիրը:
Երուսաղեմի հարցը դարձել նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Հորդանանի Աբդուլլահ II թագավորի միջեւ Վատիկանում անցկացած հանդիպման գլխավոր թեմա։