Թիլերսոն. ՝՝Ես կշարունակեմ դիվանագիտական ջանքեր գործադրել մինչև այն պահը, երբ սկսեն ընկնել առաջին ռումբերը՛՛

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Ատլանտյան խորհուրդ հաստատությունում արտասանած իր ելույթի ընթացքում խոսել է Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի մասին՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հասնել խնդրի կարգավորմանը դիվանագիտական ուղով:

«Մենք պատրաստ ենք բանակցել, որեւէ ժամանակ, երբ Հյուիսային Կորեան կամենա: Եվ մենք պատրաստ ենք առաջին հանդիպումն ունենալ առանց որևէ նախապայմանի: Եկեք ուղակի հանդիպենք, կարող ենք անգամ խոսել եղանակից, ու բացարձակապես էական չէ, բանակցային սեղանը կլինի կլոր, թե՝ քառակուսի»,- հայտարարել է պատքարտուղարը:

Հյուսիսային Կորեան վերջին շրջանում անցկացրել է բալիստիկ մի շարք հրթիռների փորձարկումներ: Այժմ Փհենյանը հայտնում է, որ իր հրթիռները կարող են խոցել ամերիկյան մայրցամաքը: Փհենյանի վարքագիծը մեծացրել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի բռնկման հավանականությունը: Իր ելույթում պետքարտուղար Թիլերսոնը հստակ արձանագրել է, որ բանակցությունների համար անհրաժեշտ է հրթիռային փորձարկումների դադարեցում:

«Եթե կա որևէ նախապայման, ապա այն է, որ դժվար է բանակցել,եթե հանկարծ որոշեք բանակցությունների ընթացքում մեկ այլ փորձարկում անցկացնել և հրթիռ արձակել»,- ասել է Թիլերսոնը:

Չնայած պետքարտուղարը նախընտրում է խնդրի խաղաղ կարգավորումը՝ նա ընդգծում է նաեւ պատժամիջոցների արդյունավետությունը և նշում, որ ԱՄՆ-ի զինված ուժերը լիովին պատրաստ են դիվանագիտության ձախողման սցենարին: Պետքարտուղարի կարծիքով, Չինաստանն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկում Հյուսիսային Կորեայից փախստականներ ընդունելու ուղղությամբ՝ այնտեղ իրավիճակի ապակայունացման դեպքում:

«Ես կշարունակեմ դիվանագիտական ջանքեր գործադրել մինչև այն պահը, երբ սկսեն ընկնել առաջին ռումբերը»,- հայտարարել է Թիլերսոնը:

Նա նաև ավելացրել է, որ նախագահ Թրամփը ցանկանում է, որ Չինաստանը դադարեցնի նավթի ներմուծումը Հյուսիսային Կորեա: Վերջին անգամ Փհենյանը վերադարձել էր բանակցային սեղանի շուրջ միայն այն ժամանակ, երբ Պեկինը դադարեցրեց նավթի մատակարարումը Փհենյանին: