Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել Նյու Յորքում վերջերս պաթյուն իրականացրած, բանգլադեշցի ներգաղթյալ Աքայեդ Ուլլայի գործը, ով երկուշաբթի օրը փորձել է Նյու Յորքի ամենաաշխույժ Թայմս սքվեյր հատվածում իրականացնել ահաբեկչական գործողություն, ինչը սակայն ձախողվել է: Իրավապահների կարծիքով նա գործել է միայնակ:
Ահաբեկչության մեջ մեղադրվող անձը, իրավապահների տեղեկությամբ, ոգևշնչված է եղել Դաեշ-ի գաղափարախոսությամբ և քարոզչությամբ: Իրավապահներին նա հայտնել է, որ ահաբեչությունը իրականացրել է ի պատասխան Դաեշ-ի թիրախների ամերիկյան հրթիռակոծումներին:
Նա Միացյան Նահանգներ է ներգաղթել 2011 թվականին F4 վիզայով, որը հնարավորություն է տալիս ընտանիքի անդամներին օրինական կերպով ներգաղթել ԱՄՆ: Սա այն վիզայի տեսակներից է, որը թիրախավորել է գործող վարչակազմը:
«Նախագահը կոչ է արել վերջ տալ ներգաղթի շղթային, որը թույլ չի տա նման կերպ ներգաղթել ԱՄՆ: Նախագահը շարունակելու է ջանքեր գործադրել ներգաղթի ոլորտի բարեփոխումների ուղղությամբ, և շղթայական ներգաղթի վերացումն այս գործընթացի մի մասն է»,- ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը:
Ահաբեկչի ընտանիքը ցավ է հայտնել կատարվածի կապակցությամբ: Նրանք այժմ հարցաքննվում են իրավապահների կողմից: Հայտնի է, որ Ուլլայի կինը, ում ևս հարցաքննում են իրավապահները, չի եկել նրա հետ Միացյալ Նահանգներ:
ԱՄՆ-ում Բանգլադեշի դեսպանությունը դատապարտել է ահաբեկչական գործողությունը և հայտարարել, որ մեղավորը պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ այդ ընթացքում Ուլլայի Բրուքլինյան թաղամասի բնակարանում շարունակվում են հետաքննչական գործողություններ իրականցվել: Տեղի բնակիչներից մեկն ասում է, որ որևէ կասկածելի երևույթ չեն արձանագրել:
«Նա խնդրահարույց հարևան չէր, որևէ մեկի հետ խնդիր չուներ: Զբաղվել է իր առօրյա խնդիրներով: Ինձ թվում էր, որ նա համեստ երիտասարդ է, շատ չշփվող»,- նշում է տեղի բնակիչ Ալան Բութրիկոն:
Պայթյունից հետո վնասվածք ստացած ահաբեկչին տեղափոխել են Մանհեթանի հիվանդանոցներից մեկը: Այստեղ են տեղափոխվել նաև 3 այլ տուժածներ, ովքեր ստացել են թեթև վնասվածքներ:
Բնակիչներից ոմանք վախեցած են տեղի ունեցածով:
«Վախը մշտապես ինձ և Նյու Յորքում բնակվող այլ մարդկանց հետ է: Չգիտես, ինչ սպասես ամեն վայրկյան»,- ասում է Նյու Յորքի բնակիչ Լաուրա Գոնզալեսը:
Երկուշաբթի օրվա ահաբեկչական գործողությունն արդեն երկրորդն է վերջին երկու ամիսների ընթացքում: Վերջին 23 տարում սա առաջին դեպքն է, երբ ահաբեկիչը թիրախ էր ընտրում Նյու Յորքի մետրոն: