Փարիզում Մաքրոնը անդրադարձել է Թրամփի որոշման դրական կողմերին

Փարիզում կայացած Կլիմայի գագաթաժողովի շրջանակներում Մաքրոնը նշել է, որ Թրամփը դեռ կարող է մտափոխվել, իսկ Ջոն Քերրին հայտարարել է, որ ամերիկացիների 80 տոկոսը աջակցում է Փարիզի կլիմայի համաձայնագրին:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը երեքշաբթի օրը հանդիպել է աշխարհի ամենախոշոր ու ազդեցիկ բարերարների հետ՝ կոչ անելով նրանց ներդրումներ կատարել կլիմայի փոփոխությանն առնչվող նախաձեռնություններում:

Մաքրոնն ընդգծել է, որ Փարիզի համաձայնագրից հրաժարվելու Թրամփի որոշումը միայն դրական ազդեցություն է ունեցել ընթացիկ գործընթացների վրա.

«Փարիզի համաձայնագրից հրաժարվելու նախագահ Թրամփի որոշումը նոր ընթացք ու թափ հաղորդեց մեր համատեղ ջանքերին՝ ստեղծելով նոր հնարավորություններ: Արագացել է վավերացման գործընթացն ու մեզ են միացել ավելի շատ երկրներ՝ վավերացնելով Փարիզի համաձայնագիրը:Սկզբում, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց համաձայնագրից, շատերը անհանգաստացած էին, որ նախաձեռնությունը վտանգված է»:

Ի տարբերություն Թրամփի՝ Մաքրոնը միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ է տրամադրում կլիմայի փոփոխության ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկացի և օտարազգի գիտնականներին Ֆրանսիա տեղափոխելու համար:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, ով նույնպես մասնակցում է գագաթաժողովին, նշել է, որ ամերիկացիների մեծամասնությունը չի կիսում Փարիզի համաձայնագիրը չեղարկած Թրամփի մոտեցումները:

«38 նահանգներ ԱՄՆ-ում ներկայումս «Վերականգնվող էներգիա»-ի մասին օրենքներ ունեն: ԱՄՆ-ի 90 խոշոր քաղաքների քաղաքապետները պատրաստակամ են հանդիպել Փարիզում: Փաստացիորեն, ԱՄՆ-ի բնակչության 80 տոկոսը հավատարիմ է Փարիզի համաձայանգրին, այնպես որ մենք ճիշտ ճանապարհին ենք»:

195 երկրների աջակցությունը վայելող գլոբալ տաքացման մարտահրավերներին անդրադարձող Փարիզի համաձայնագրի ստորագրումից անցել է երկու տարի, եւ քննադատները անբավարար են գնահատում գրանցված հաջողությունները:

Հիշեցնենք, որ համաձայնագրի հիմնական նպատակն է հնարավորինս կարճ ժամկետներում նվազեցնել ածխածնային արտանետումները, համատեղ ջանքերի շնորհիվ երկրագնդի ջերմացման մակարդակը պահպանել մինչև երկու աստիճան, ինչպես նաև՝ խթանել վերականգնողական էներգիայի օգտագործումը, որի իրականացման համար առայսօր չեն մշակվել հստակ մեխանիզմներ հատկապես աղքատ և նոր զարգացող երկրներում:

Չնայած միլարդավոր դոլարների հասնող ներդրումներին, փորձագետները գտնում են, որ միջազգային համաձայնագրով պարտավորություններ ստանձնած երկրների աշխատանքներն ավելի արդյունավետ կընթանային, եթե օրինակ ՄԱԿ-ի համապատասխան գերատեսչություններն ավելի գործուն կերպով ներգրավված լինեին նոր զարգացող երկրներում ներդրումների իրականացման և ֆինանսական գործընթացների համակարգման ուղղությամբ: