Իսպանիայի դատարանը կայացրել է Կատալոնիայի անջատական կառավարության պաշտոնանկ արված նախկին 6 պաշտոնյաների բանտից ազատելու մասին որոշում։ Ըստ նույն վճռի, 4 այլոք՝ Կատալոնիայի նախկին փոխնախագահը, ներքին գործերի նախկին նախարարը, եւ երկու ակտիվիստներ մնալու են անազատության մեջ։
Վեց անձինք, որոնք ազատ են արձակվելու, որպես տուգանք յուրաքանչյուրը մուծելու է 1ՕՕ հազար եվրո։
Անջատողական ձգտումներ ունեցող Կատոլոնիայի ղեկավարներին Մադրիդի հրահանգով ձերբակալել էին անցյալ ամսին։ Այս երկրամասի նախկին նախագահ Կառլես Պուջդեմոնը, մինչեւ ձերբակալությունները, փախուստի էր դիմել Բելգիա։
Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են խռովություն հրահրելու մեջ, մեղադրանք, որը համարվում է Իսպանիայում ամենամեծ հանցագործություններից մեկը, ու սպառնում մինչեւ 3Օ տարվա ազատազրկմամբ։
Իսպանիան ունի այն մտավախությունը, որ որեւէ երկրամասի նման իրավունք տալու դեպքում, այդ օրինակին կհետեւեն անջատական ձգտումներ ունեցող մյուս երկրամասերը։
Վեց ձերբակալվածներին ազատ արձակելու մասին վճիռ կայացվեց դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում անցկացվելիք ընտրությունների նախընտրական արշավը մեկնարկելու նախօրեին։
Պուջդեմոնին ու նախկին վեց նախարարներին Իսպանիա վերադարձնելու Մադրիդի պահանջը Բրյուսելում քննարկվելու եւ այդ մասին որոշում է կայացվելու դեկտեմբերի 14-ին։
Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելուց ու այս երկրամասը հանրապետություն հռչակելուց հետո էր, որ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը ցրեց Կատալոնիայի կառավարությունը եւ ուղիղ կառավարում սկսեց Մադրիդից ու հրավիրեց վաղաժամ ընտրություններ։