Արգենտինայում այլեւս հույս չունեն փրկել անհետացած սուզանավի անձնակազմը

Արգենտինայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ ավարտում են երկու շաբաթ առաջ անհետացած սուզանավի անձնակազմի 44 անդամների փրկարարական աշխատանքները: Երկրի նավատորմի մամլո խոսնակ Էնրիկե Բալբին հայտնել է, որ չնայած տասնյակ նավերով եւ հազարավոր մարդկանց օգնությամբ իրականացված որոնողական աշխատանքներին, անհետացած սուզանավի որեւէ հետք չի գտնվել.

«Պաշտպանության նախարարությունն ու նավատորմը հայտարարում են սուզանավի որոնման եւ փրկարարական աշխատանքների դադարեցման մասին: Այժմ մենք ուղղակի շարունակելու են որոնել սուզանավը»:

Սուզանավի անձնակազմի անդամների ընտանիքներներն արդեն պատրաստվել էին իրենց հարազատների կորստի մտքին, քանի որ մասնագետների կարծիքով, սուզանավի ներսում առկա թթվածինը կարող էր բավարարել միայն 7-10 օրվա համար, եթե սուզանավը ջրի տակ է: Ուստի, նշում է Բալբին, երկու շաբաթ անց իրավիճակն այլ է.

«Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով որոնողական աշխատանքներն իրականացվող շրջանում վտանգավոր իրավիճակը, եւ մենք ցանկանում ենք չվտանգել փրկարարների կյանքը օվկիանոսում»:

Որոնողական աշխատանքները, առանց փրկարարների մասնակցության, այնուամենայնիվ կշարունակվեն: Անձնակազմի հարազատները սակայն հայտարարում են, թե չեն պատկերացնում, թե ինչպես կարող է արդի ժամանակներում անհետ կորել մի սուզանավ:

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մասրին խոստացել է լիարժեք քննություն անցկացնել: