Անչափահաս տարիքում, առանց համապատասխան փաստաթղթերի ԱՄՆ մուտք գործած 8ՕՕ հազար անձանց ապագան այսօր անորոշ վիճակում է, երբ երկրի օրենսդիր մարմինը դեռեւս չի կարողանում լուծում գտնել այս խնդրի համար։ Ու եթե մինչեւ տարեվերջ չկայացվի համաձայնություն Կոնգրեսում, ԱՄՆ-ի կառավարությունը կարող է կանգնել ժամանակավոր դադարի անցնելու վտանգի առջեւ։
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա սկզբին կասեցրեց Օբամայի վարչակազմի օրոք ընդունված այն որոշումը, ըստ որի մանուկ հասակում անօրինական կերպով Ամերիկա ներգաղթած երիտասարդները կարող էին երկու տարով երկարաձգել իրենց բնակության կեցությունը եւ ստանալ աշխատանքի իրավունք։
Թրամփն այսօր կոչ է անում Կոնգրեսին ընդունել որոշում, որը ՝՝Անչափահաս տարիքում ժամանածների ժամկետը երկարաձգելու՛՛ ծրագրի ներքո ներկայումս ԱՄՆ-ում բնակվող երիտասարդներին տար բնակության մշտական իրավունքի հնարավորություն, մինչեւ 2Օ18 թվականի մարտ ամսին ծրագրի ժամկետը լրանալը։
Մի շարք դեմոկրատներ խոստացել են դեմ քվեարկել պետական բյուջեի որեւէ նախագծի, որի մեջ ներառված չէ ՝՝Անչափահաս տարիքում ժամանածների ժամկետը երկարաձգելու՛՛ անվանումը կրող օրենքը։ Այդ դեպքում պետական հաստատությունները ժամանակավորապես կփակվեն, քանի որ սպառված կլինի այդ ընթացքի համար հատկացված բյուջեն։
Երկու կուսակցություններն այս հարցը լուծելու ճանապարհին հայտնվեցին նոր փակուղու մեջ, երբ նախագահ Թրամփը թվիթերյան իր էջում գրեց, որ ՝՝չի տեսնում որեւէ գործարք՛՛ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավարների հետ։