Երբ Դաեշ-ը սկսեց Սիրիայում ավերել շիա մահմեդականների սրբավայրերը, Իրանը, օգտագործելով իր կրոնական ազդեցությունը, սկսեց հարևան երկրներից, այդ թվում՝ Աֆղանստանից կամավոր զինյալներ հավաքագրել: Աֆղանստանը մտահոգված է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև աճող լարվածության արդյունքում իրենց երկիրը կարող է ռազմադաշտ դառնալ տարածաշրջանի երկու ոխերիմ մրցակիցների համար:
Այս լուսանկարները Քամար Բիբիին հիշեցնում են նրա երկու թոռներին, ովքեր ժամանակին ծառայում էին աֆղանական բանակում: Երբ Դաեշ-ը Սիրիայում սկսեց ավերել շիաների սրբավայրերը, Քամարի թոռները մեկնեցին Սիրիա՝ պայքարելու սուննի ահաբեկչական խմբավորման դեմ՝ հակռակ իրենց ընտանիքի ցանկությանը:
«Թե՛ նրանց ծնողները, թե՛ ես, բոլորս դեմ էինք, որ նրանք գնային, բայց նրանք չլսեցին մեզ: Մեզ ասացին, որ պետք է մեկնեն Սիրիա պաշտպանելու մեր սրբվայրերը: Նրանք առանց մեզ տեղեկացնելու մեկնեցին նախ Իրան, այնուհետև՝ Սիրիա, որտեղից էլ զանգեցին մեզ ասելու, որ այնտեղ են», - պատմում է Քամար Բիբին:
Տղաները զոհվեցին Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարելուց շուրջ երկու տարի անց: Նրանց հուղարկավորությունը տեղի էր ունեցել Իրանի Մաշհադ քաղաքում: Բիբիի թոռների և Սիրիայում զոհված բազմաթիվ մարտիկների աճյունները հողին են հանձնվել Իրանի Բահիշտ-էլ-Ռազա կոչվող եղբայրական գերեզմանատանը:
Իրանի կառավարությունը հոգացել է հուղարկավորության ծախսերը, իսկ տղաների հորն ուղարկել Քարբալա՝ շիա մահմեդականների հայտնի սրբավայրերից մեկը: Բիբին տեղյակ չէ արդյոք իր ընտանիքը այլ օգնություն ստացել է, թե ոչ, բայց նրանք առայժմ ապրում են Իրանում:
Սա, ինչևէ, եզակի դեպք չէ: Աֆղանստանի մեծապես շիա մահմեդականներով բնակեցված այս քաղաքում, որտեղ Իրանի լեզվական և մշակութային ազդեցությունը հսկայական է, շատերին էին տարբեր ճանապարհներով հավաքագրում Սիրիայի պատերազմին մասնակցելու նպատակով: Շիա հոգևորականները անձամբ էին ներգրավված այդ գործընթացում։
Ըստ The New York Times-ի՝ Իրանը հազարավոր շիա աֆղանստանցիների է աջակցել Սիրիա մեկնելու հարցում: Ազդեցիկ քաղաքական գործիչ և նախկին հրամանատար Իսմայիլ Խանը հաստատում է այս լուրը:
«Շատ ընտանիքներ բերեցին Սիրիայում սպանված իրենց երեխաների մարմինները ու այստեղ հողին հանձնեցին: Իրանի բարձրաստիճան ղեկավարներն անգամ հանդիպել են Սիրիայի պատերազմում զոհվածների ընտանիքների հետ: Այս մասին բոլորը գիտեն», - պատմում է Իսմայիլ Խանը:
Այժմ, երբ Սիրիայում պատերազմը կարծես թե մոտենում է ավարտին և աճում է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարվածությունը, Աֆղանստանի ղեկավարությունը մտավախություն ունի, որ իրենց երկիրը կարող է ռազմադաշտ դառնալ տարածաշրջանի երկու ոխերիմ մրցակիցների համար: