Ֆրանցիսկոս Պապը, ենթարկվելով Մյանմարի Կաթոլիկ եկեղեցու ճնշմանը, իր ելույթում զերծ է մնացել «ռոհինգյա» եզրի գործածումից՝ հիասթափեցնելով Մյանմարի փոքրամասնություն կազմող մահմեդական բնակչությանը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել էր Մյանմարի Յանգոն քաղաք, որտեղ նրան դիմավորելու էին եկել հազարավոր ուխտավորներ:
Պապը հանդիպել է Մյանմարի քաղաքացիական առաջնորդ Օնգ Սան Սու Չիին, իսկ Մյանմարի բանակի գլխավոր հրամանատարը հայտնել է հովվապետին, որ Մյանմարում չկա կրոնական խտրականություն:
Հիշեցնենք, որ Մյանմարի առաջնորդ, Նոբելյան մրցանակակիր Օնգ Սան Սու Չին վերջին շրջանում սուր քննադատության է արժանանում միջազգային հանրության կողմից երկրում ստեղված ճգնաժամի պատճառով:
Հռոմի Պապի այցը նպատակ ունի մեղմել Մյանմարում առկա էթնիկ և կրոնական ատելության մթնոլորտը, ինչպես նաև՝ լարվածությունը, որի արդյունքում մեծ թվով Ռոհինգյա մամեդականներ ստիպված լքել են երկիրը:
Ֆրանցիսկոս Պապը և Մյանմարի առաջնորդը ելույթ են ունցել երկրի օրենսդիրների և տարբեր ոլորտների ղեկավարների առջև:
Իր ելույթում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը արդարադատության կոչ է արել և հորդորել հարգել մարդու իրավունքները: Սակայն, հետևելով Մյանմարի Կաթոլիկ եկեղեցու ուղերձին, Հռոմի Պապը խուսափել է օգտագործել «ռոհինգյա» եզրը:
«Խաղաղությունը պետք է լինի Մյանմարի ապագան, խաղաղություն, որը խարսխված է հարգանքի վրա, երբ հարգվում են հասարակության բոլոր խմբերի, այդ թվում՝ յուրաքանչյուր էթնիկ խմբի անդամների իրավունքները, արժանապատվությունն ու ինքնությունը», - ասել է Հռոմի Պապը:
Օնգ Սան Սու Չին արդարադատության կոչ է արել երկրի բոլոր քաղաքացիների համար:
«Մեր կառավարության նպատակն է ի ցույց դնել բազմազանության գեղեցկությունն ու դարձնել այն մեր ուժը, ինչպես նաև, խթանելով հանդուրժողականություն՝ պաշտպանել բոլորի իրավունքները»:
Երկուշաբթի օրը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է նաև Մյանմարի ռազմական ղեկավարությանն ու քննարկել երկրում առկա ճգնաժամը, որի արդյունքում ավելի քան 620 հազար ռոհնիգյա մահմեդականներ լքել են երկիրն ու ապաստան ստացել հարևան Բանգլադեշում։