Թուրքիան քննադատել է սիրիական ինքնապաշտպանական ջոկատներին՝ քրդական խռովությանը աջակցելու համար: Թուրքական կողմին զայրացնում է նաև քրդական զորամիավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից, որոնք, ըստ Թուրքիայի, հանդիսանում են ահաբեկչական խմբավորումներ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն սպառնացել է Արևմտյան այն տերություններին, որոնց գործողությունները կհակասեն Թուրքիայի շահերին:
Այս կոշտ հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու մեկնաբանությունը, որ ՝՝ԱՄՆ-ը կսովորի հարգալից խոսել Թուրքիայի հետ՛՛:
Չնայած հակաամերիկյան այս հռետորաբանությունը բնորոշ է նախագահ Էրդողանի AKP կուսակցությանը վերջին երկու տարիների ընթացքում, հատկապես նախընտրակայն շրջաններում, փորձագետների կարծիքով նման հռետորաբանությունըերկու դաշնակիցների հարաբերություններում խորը ճգնաժամի առկայության ու փոխվստահության բացակայության ապացույց է:
Թուրքիայի մի շարք նախարարներ կոչ են արել Վաշինգտոնին վերջ տալ զենքի մատակարարումը քրդական զորամիավորումներին՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմը պարտավորվել է դադարեցնել քրդերի զինումը: Սակայն ամերիկյան կողմը չի հաստատել այս տեղեկությունը: Սպիտակ տունը հաղորդել է, որ նախագահ Թրամփը տեղեկացրել է նախագահ Էրդողանին, որ ԱՄՆ-ը փոփոխություններ է մտցնում Սիրիայում իր գործընկերներին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում՝ հաշվի առնելով Ռաքքայի գործողության ավարտն ու ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պայքարի ընթացքը:
Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն իր հերթին կոչ է արել ամերիկյան կողմին հետ վերցնել քրդերին տրամադրած զենքերը: Ըստ վարչապետի, ԱՄՆ-ը խոստացել էր անել դա:
Սիրիական հարցում երկու պետությունների հակասությունների հետ մեկտեղ առկա են նաև այլ խնդիրներ, որոնցից են ազգությամբ թուրք, իրանցի Ռեզա Զարաբիի դեմ դատավարությունը Նյու Յորքում, ով մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ: Թուրքական կողմը այն դիտարկում է որպես հակաթուրքական գործողություն:
Այս դատավարությունն ընթանում է սիրիական և տարածաշրջանային հարցերում թուրք-իրանական համագործակցության ներքո: Երկու երկրներն աշխուժացրել են առևտուրը Քաթարի հետ՝ Սաուդյան Արաբիայի ու վերջինիս դաշնակիցների կողմից Քաթարին շրջափակելու փորձերին հակազդելու համար: Թուրք-իրանական համագործակցությունը դժկամությամբ կընդունվի Վաշինգտոնում, որը Թուրքիային դիտարկում է որպես տարածաշրջանում իրանական ազդեցությանը հակազդելու հիմնական գործոն: