Անկարան Ֆլինին խոստացել է 15 միլիոն դոլար Գյուլենի դիմաց, գրում է ամերիկյան պարբերականը

Թուրքիան հերքում է վտարանդի թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի առևանգման մասին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ պայմանավորվածույթան մասին տեղեկությունը։

Ամերիկյան Wall Street Journal պարբերականն ուրբաթ օրը հրապարակել է մի հոդված, ուր տեղեկացնում է, որ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերն այս պահին հետաքննում է Գյուլենի առևանգման մասին տեղեկությունը: Ըստ հրապարակման՝ Ֆլինին ու նրա որդուն խոստացվել է 15 միլիոն դոլար՝ Գյուլենին Թորքիային հանձնելու դեպքում: Հիշեցնենք, որ վտարանդի թուրք հոգևոր գործիչը բնակվում է ԱՄՆ-ում 1999 թվականից:

Անկարան պնդում է, որ Գյուլենը կազմակերպել է 2016 թվականի հեղաշրջումն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի, որի ժամանակ զոհվել է 240 մարդ: Գյուլենը հերքում է իր որևէ ներգրավվածությունը հեղաշրջմանը:

Շաբաթ օրը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը տարածել է հայտարարություն, ուր մեղադրանքները, որ Անկարան կարող է դիմել անօրինական գործողությունների Գյուլենին վերադարձնելու համար, կոչել է «ամբողջովին կեղծ, ծիծաղելի և անհիմն»:

Հայտարարության մեջ դեսպանությունը նշել է, որ թուրքական կողմը շարունակում է աշխատանք տանել ամերիկյան պետական հաստատությունների հետ՝ Գյուլենի արտահանձմանը հասնելու համար: Այն ևս մեկ անգամ հնչեցրել է Գյուլենին ուղղված մեղադրանքները հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ:

Ավելի վաղ, Ֆլինի փաստաբանը ևս հերքել էր թուրք հոգևոր գործչին առևանգման հարցում Ֆլինի որևէ ներգրավվածության մասին հրապարակված տեղեկությունը՝ մեղադրանքներն անվանելով «կեղծ և վիրավորական»:

Հրապարակմանն արձագանքել են նաև ամերիկահայ կառույցները՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի լոբբիստական շրջանակների կոռուպցիոն դրսևորումները և հորդորելով հակազդել դրանց: Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրային քննարկումներկազմակերպել ամերիկյան պետական կառույցների վրա Էրդողանի և Ալիևի միջամտության փորձերի կապակցությամբ, իսկ Հայ Դատի հանձնախումբն Անկարայի գործողություններին լավագույն պատասխանն է համարում Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի քաղաքականության մերժումն ԱՄՆ-ի կողմից։