Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով ավելի քան 396 մարդ է զոհվել, վիրավորվել են 2 հազար 500 այլոք: Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.3 բալ:
Երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող Հալաբջա քաղաքը Իրաքի քրդական շրջանում է գտնվում: Նախնական տվյալներով այնտեղ զոհվել է 9 մարդ: Իրանական կողմից զոհերի մեծ մասը գրանցվել է 85 հազար բնակչություն ունեցող Սարփոլի Զահաբ քաղաքում: Այժմ ավերվածությունների հետեւանքով հազարավոր մարդիկ մնացել են դրսում՝ ցուրտ եղանակի պայմաններում:
Ընթանուր առմամբ անօթեւան է մնացել առնվազն 70 հազար մարդ: Մեծ ավերվածությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ երկրաշարժի տարածքում շենքերի մեծ մասը կավից է կառուցված եւ չի կարող դիմակայել հուժկու երկրաշարժերի:
Իրանում 2003 թվականին 26 հազար մարդ էր զոհվել հզոր մեկ այլ երկրաշարժի հետեւանքով։ 2012-ի երկրաշարժին զոհ էր գնացել 300 մարդ: