Դեմոկրատները տոնում են ԱՄՆ-ի նահանգային ընտրություններում իրենց հաղթանակը` պատրաստվելով 2018 թվականի միջանկյալ ընտրություններին:
ԱՄՆ-ի դեմոկրատները արդեն տոնում են նահանգապետի ընտրություններում տարած իրենց աննախադեպ հաղթանակը:
Վիրջինիայում դեմոկրատ Ռալֆ Նորթհեմը պարտության մատնեց իր մրցակից՝ հանրապետական Էդ Գիլեսպիին և կփոխարինի ներկայիս դեմոկրատ նահանգապետ Թերի ՄքՔոլիֆին:
Բժիշկ Նորթհեմի հաղթանակի ելույթը թե ՛ոճական, և թե ՛բովանդակային տեսանկյունից հակադրվում էր հասարակությանը բևեռացնող Թրամփի քաղաքականությանը բնորոշ հռետորաբանությանը:
«Վիրջինա նահանգի բնակիչները միասնականորեն արձագանքել են ու բարձրաձայնել՝ ոչ ասելով մեր երկիրը պառակտող ու ատելություն սերմանող քաղաքականությանը, որին վերջ է դրվում: Ես ցանկանում եմ ձեզ հայտնել, որ բժշկական միջամտությամբ, Վիրջինիան նորից կմիավորվի ու կհաղթահարի առկա բևեռացվածությունը: Եվ ես այստեղ եմ ձեզ վստահեցնելու, որ բժիշկն արդեն տեղում է», - իր ելույթում ասել է Նորթհեմը:
Նորթհեմը հաղթեց հանրապետական Էդ Գիլեսպիին, ով թեև Թրամփի նախընտրական քարոզարշավին չէր մասնակցում՝ Թրամփի ընտրազանգվածին հաճոյանալու նպատակով իր քաղաքական գովազդներում նշում էր, որ ներգաղթի և կոնֆեդերատիվ հուշարձանների տեղահանման հարցերում լիովին կիսում է նրա կարծիքը:
Թրամփը իր թուիթերի էջում գրել էր, որ Գիլեսպին, չնայած իր աշխատասիրությանը, չի ներկայացնում իր գաղափարները:
Նշենք, որ Վիջինիայի նահանգային խորհրդի պատգամավոր Ռոբերտ Մարշալին պարտության մատնեց դեմոկրատ Դանիկա Ռոեմը՝ դառնալով ԱՄՆ-ի հարավային նահանգներում առաջին տրանսգենդեր պաշտոնյան:
Դեմոկրատ Ֆիլ Մըրֆին Նյու Ջերզիում հաղթեց հանրապետական փոխնահանգապետ Քիմ Քուադագնոյին, ում պարտությունը կապվում է Նյու Ջերզիի բավականին ցածր վարկանիշ ունեցող նահանգապետ Քրիս Քրիսթիի թիմակիցը լինելու փաստի հետ:
Մինչ դեմոկրատներն ու հանրապետականները պատրաստվում են Կոնգրեսի գալիք տարվա միջանկյալ ընտրություններին՝ երեքշաբթի օրվա քվեարկության արդյունքները կարևոր էին մասնավորապես Դոնալդ Թրամփի հանդեպ ընտրազանգվածի վերաբերմունքը պարզելու առումով: