ԱՄՆ-ում լրջորեն ուսումնասիրում են Իրանի հետ գործարքից դուրս Թրամփի առաջարկը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ում լրջորեն ուսումնասիրում են Իրանի հետ գործարքից դուրս Թրամփի առաջարկը

Վաշինգտոնում աստիճանաբար ավելի են սրվում Իրանի շուրջ քննարկումները։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց չվավերացնել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, մեծանում է ԱՄՆ-ի կողմից գործարքից հրաժարվելու հնարավորությունը։ Հիմա հարցը դրված է Կոնգրեսում, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահի կուսակից հանրապետականները։

Որպես ԱՄՆ-ի նախագահական թեկնածու, Դոնալդ Թրամփը պարբերաբար էր դատապարտում Իրանի հետ Բարաք Օբամայի օրոք կնքված միջուկային գործարքը։ Նա շարունակ հայտարարում էր, թե այն ԱՄՆ-ի կողմից երբեւէ կնքված ամենավատ ու միակողմանի համաձայնությունն է, չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթը ստորագրելուց հետո Իրանը դադարեցրել է միջուկային իր գործունեության մեծ մասը։ ԱՄՆ-ի վարչակազմը պնդում է, թե հակառակ դրան, Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռների իր ծրագիրը եւ շարունակում միջազգային ահաբեկչության նկատմամբ աջակցությունը։

՝՝Հիմա՛՛, ասում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքքի Հեյլին, ՝՝Միացյալ Նահանգներն ընտրել է մի ուղի, որն ուղղված է ընդդեմ Իրանի կողմից ցուցաբերվող կործանարար բոլոր խնդիրների՛՛։

Եվ շատ կարեւոր է, ասում է նա, որ միջազգային համայնքը հետեւի ԱՄՆ-ի այս օրինակին։

Երկրի Կոնգրեսում օրենսդիրների մի մասը ողջունում է Սպիտակ տան նման մոտեցումը։ Նրանցից հանրապետական սենատոր Լինդզի Գրահամը համաձայն է, որ գործարքը շատ վատն է, ու որ նախագահն ունի այն փոփոխելու իրավունք։
Իսկ ահա ԱՄՆ-ի ամենամտերիմ բարեկամ երկրները կոչ են անում Վաշիգտոնին լիներ շրջահայաց։ Ինչպես Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պաղլին է ասում, ՝՝Մեզ համար անհրաժեշտություն է Իրանի հետ կնքված միջուկային գործարքը։ Դրանից հրաժարվելու հանգամանքը կդառնար ընծա Իրանի կարծր-դիրքայինների համար ու առաջին քայլը՝ դեպի ապագայի պատերազմներ՛՛։

Այս մտքին համամիտ են Կոնգրեսի հիմնականում դեմոկրատ օրենսդիրները։ Նրանցից սենատոր Թիմ Քեյնի խոսքերով, ՝՝Երբ թուլացնում եք դիվանագիտությունը, մեծացնում եք ավելորդ պատերազմների վտանգը։ Ու հենց դա էլ հիմա անում է ներկա նախագահը՛՛։

Սենատորը նախազգուշացնում է, որ ԱՄՆ-ը պայմանագիրց դուրս բերելուց հետո Իրանը կարող է ավելացնել ցենտրիֆուգների թիվը ու շարունակել ուրանի հարստացման աշխատանքները։

Ո՞րն է Իրանի ներկա կեցվածքը։

Թեհրանը հայտարարում է, թե հավատարիմ է մնում կնքված գործարքին, ՝՝առնվազն այս ընթացքում՛՛։

Ի դեպ, բացի գործարքից դուրս գալու տարբերակին, ԱՄՆ-ը ունի հակադարձ այլ քայլեր իրականացնելու հնարավորություն։ ՝՝Չէ որ՛՛, ասում է սենատոր Թիմ Քեյնը, ՛՛Կոնգրեսը նախագահին տվե՛լ է Իրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ նախաձեռնելու իրավունք, եթե Թեհրանը որդեգրում է ռազմատենչ վարք, ոտնահարում մարդու իրավունքները կամ հրթիռային ծրագրի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումները՛՛։

Հենց այդ իրավունքը պիտի օգտագործի նախագահը, այլ ոչ թե ընտրի պայմանագրից ընդհանրապես դուրս գալու ձեւը, ասում է սենատորը։

Այսպիսով, հանրապետականներից շատերն են գտնում, որ նախագահ Թրամփն ԱՄՆ-ը պիտի դուրս բերի գործարքից, դեմոկրատները գրեթե միաձայն՝ հայտարարում, որ դա կլինի վտանգներով լի սխալ։