Հազարավոր կանայք այս շաբաթ Twitter-ում և Facebook-ում #MeToo (#ԵսՆույնպես) հեշթեգի միջոցով սկիզբ դրեցին աննախադեպ սոցիալական արշավի` իրենց անձնական գրառումների միջոցով իրազեկելով միլիոնավոր օգտատերերի կանանց դեմ իրականացվող սեռական ոտնձգությունների և բռնությունների խնդրի մասին:
Հոլիվուդի հայտնի պորդյուսեր, ազդեցիկ մեդիա մագնատ Հարվի Վայնսթայնի՝ տասնամյակների ընթացքում իրականացրած սեռական ոտնձությունների մասին աղմկահարույց սկանդալը ազդակ հանդիսացավ Անջելինա Ջոլիի,Գվինեթ Փելթրոուի և բազմաթիվ հոլիվուդյան կիոնաստղերի համար միավորվելու և բարձրաձայնելու իրենց անձնական պատմությունները:
Կիրակի օրը, սեռական ոտնձգությունների և բռնության զոհ դարձած հազարավոր կանայք, հետևելով նախկին երգչուհի, հանրահայտ դերասանուհի և ակտիվիստ Ալիսա Միլանոյի կոչին, Facebook-ի և Twitter-ի սոցիալական հարթակներով սկիզբ դրեցին հանրային հնչողություն ստացած #MeToo (#ԵսՆույնպես) արշավին որպես համերաշխություն երբևէ սեռական ոտնձգության, կամ բռնության ենթարկված միլիոնավոր կանանց:
Կինոդերասանուհի Լուիզեթ Գեյսը, հոլիվուդյան ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկին, Հարվի Վայնսթայնին, սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող տասնյակ դերասանուհիներից մեկն է.
«Իմ սիրտը բաբախում էր, ես շատ էի վախենում: Ես ձեռքս քաշեցի ու քայլեցի դեպի դուռը: Նա սկսեց հետևել ինձ ու ասաց, որ կարող է ինձ ծանոթացնել Բոբ Վայնսթայնի հետ, ով կարող է օգնել սցենարս կյանքի կոչել: Բայց դրա դիմաց ես պետք էի նայեի, թե ինչպես է նա ձեռնաշարժությամբ զբաղվում», - ասված է Գեյսի հայտարության մեջ:
Վայնսթայնի խոսնակը հերքել է կինոպրոդյուսերին ներկայացված մեղադրանքներն ու հայտնել, որ մեղադրանք ներկայացրած բոլոր կանանց և Հարվի Վայնսթայնի հետ հանիպումները կայացել են երկկողմ համաձայնությամբ:
Նշենք, որ ավելի վաղ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան, Կինոակադեմիայի խորհրդի արտակարգ նիստի ընթացքում 65-ամյա պրոդյուսեր Հարվի Վայնսթայնին իր կազմից հեռացնելու որոշում էր կայացրել:
«Կանայք և Հոլիվուդ» բլոգի հիմնադիր, բլոգեր Մելիսա Սիլվերսթեյնը լիահույս է, որ սեռական ոտնձգությունների այս սկանդալը Հոլվուդում կհանգեցնի լուրջ բարեփոխումների.
«Հարվի Վայնսթայնի սկանդալը բացահայտեց այն դաժան իրողությունն ու մղձավանջը որի հետ տարբեր ռասայի մարդիկ և կանայք ստիպված են առերեսվել Հոլիվուդում հաջողության հասնելու համար: Սպիտակամորթ տղամարդկանց կողմից ղեկավարվող արդյունաբերության մեջ ինչ-որ բան պետք է փոխվի և մեր անձնական պատմությունները պատմելը, վստահ եմ, կնպաստի այդ հեղափոխությանը»:
Այս ուղերձն ու նպատակն են հետապնդում Հոլիվուդում և համացանցում այս օրերին տեղի ունեցող հանրային քննարկումները՝ ստիպելով մտորել կանանց խնդիրներին առչնվող կարևոր գիտակացական փոփոխությունների անհրաժեշտության մասին: