ԱՄՆ-ի նախագահը միջանկյալ տեղ է որդեգրել բժշկական ապահովագրության նոր ծրագրի հարցում։ Երկու սենատորների կողմից ներկայացված ծրագիրը դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու համար։ Այն պիտի քննարկվի ու հաստատվի Կոնգրեսի զույգ պալատներում ու դրվի նախագահի սեղանին։
ԱՄՆ-ի հանրապետական ու դեմոկրատ երկու սենատորներ երեքշաբթի օրը համաձայնել են երկու տարվա ընթացքում կայունացնել երկրի բժշկական ապահովագրության համակարգը եւ մարդկանց տալ ավելի էժան ապահովագրություններ գնելու հնարավորություն։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է այս ծրագիրը, սակայն ավելի ուշ պահպանողականների շրջանում նրա խանդավառությունը մարել է, հավանաբար այն պատճառով, որ այս ծրագիրը եւս նախատեսում է պետության կողմից հատկացումներ ապահովագրական այն ընկերություններին, որոնք պատրաստ են ցածր եկամուտ ունեցող մարդկանց ու ընտանիքներին տրամադրել էժան ծառայություն։
՝՝Չնայած նրան, որ ողջունում եմ սենատորներ Ալեքսանդերի եւ Մուրեյի կողմից իրականացված երկկուսակցական աշխատանքը, շարունակում եմ մնալ այն տեսակետին հավատարիմ, որ Կոնգրեսը պիտի գտնի Օբամաքեըրի խառնաշփոթին լուծում տալու ուղիներ, այլ ոչ թե մտածի ապահովագրական ընկերություններին գումարներ հատկացնելու մասին՛՛, ասել է Թրամփը։
Սակայն, եթե նույնիսկ Թրամփն իր աջակցությունը հայտնի Ալեքսանդեր-Մուրեյ առաջարկին, դեռեւս վստահ չի կարելի ասել, որ իր հավանությունը կտա նաեւ Կոնգրեսը։
Թրամփը շարունակում է բացահայտ կերպով քննադատել Կոնգրեսում իր կուսակից այն հանրապետականներին, որոնք թույլ չեն տվել, որ տապալվի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջ քաշված առողջապահական համակարգը։