Անցած ամիս նախագահ Թրամփն ազդարարեց, որ դադարեցնում է այսպես կոչված DACA ծրագիրը, որով հարյուր հազարավոր ներգաղթյալներ, ովքեր անօրինական կերպով Միացյալ Նահանգներ են տեղափոխվել մանուկ տարիքում, ստացել են աշխատանքի ու կացության իրավունք նախագահ Օբամայի օրոք:
Նախագահի նախաձեռնությունը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ վերջինիս նախընտրական արշավի կարևոր կետերից էր: Նա այն կրկին առաջ է քաշել այն բանից հետո, երբ տապալվել են նրա բանակցությունները DACA ծրագրի վերաբերյալ Կոնգրեսի դեմոկրատ քաղաքական փոքրամասնության հետ:
«Մենք այժմ աշխատում ենք սահմանների վերահսկողության և DACA ծրագրի շուրջ: Մարդիկ ցանկանում են տեսնել փոփոխություններ: 800 հազար մարդ անօրինական տեղափոխվել է մեր երկիր: Դա նրանց մեղքը չէր, ուստի մենք այժմ ծրագիր ենք մշակում ու կտեսնենք, թե այն ինչպես է աշխատելու»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Թրամփի ներգաղթի մասին ծրագիրը նաև նախատեսում է սահմանափակել կացության իրավունքի կամ գրին քարտի տրամադրումը միայն ամուսինների ու երեխաների համար՝ փոխարենը ստեղծելով միավորների նոր համակարգ:
Դեմոկրատները ընդդիմանում են այս պահանջներից շատերին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների դեմոկրատների առաջնորդներ Նենսի Փելոսին և սենատոր Չաք Շումերը հանդես են եկել միասնական հայտարարությամբ, ուր ընդգծել են, որ առաջարկվող փոփոխությունները ընդունելի չեն:
Դրան հակադրվել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը, ում հայտարարության մեջ նշված է , որ առաջարկվող փոփոխությունները ողջամիտ են և կստեղծեն ներգաղթի արդյունավետ համակարգ:
Թրամփը Կոնգրեսին է տվել 6 ամիս ժամանակ՝ հանդես գալու նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը կպաշտպանի DACA ծրագրի մասնակիցներին արտաքսումից: