Թրամփը Կոնգրեսին տվել է 6 ամիս ԴԱԿԱ-ի վերաբերյալ

Supporters of Deferred Action for Childhood Arrival program (DACA) demonstrate in front of the White House, Sept. 9, 2017.

Հինգշաբթի օրը լրանում է ժամանակավոր կարգավիճակի երկարացման համար փաստաթղթերի դիմումի ժամկետն այն անձանց համար, ովքեր Միացյալ Նահանգներ են եկել փոքր տարիքում: Թրամփի վարչակազմը որոշել էր չեղարկել ԴԱԿԱ անունը կրող ծրագիրը, որով նրանց տրամադրվում էր ԱՄՆ-ում աշխատելու ու բնակվելու իրավունք:

Օրերս այս ծրագրի ավելի քան հարյուր մասնակիցներ, ում անվանում են նաև «դրիմերներ» բողոքի ցույց էին իրականացնում ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ՝ պահանջելով կոնգրեսականներից ընդունել օրենք, որը կպաշտպանի ԴԱԿԱ ծրագիրը:

«Նշեմ, որ ես երբևէ այդքան հպարտ չեմ եղել ԴԱԿԱ-ին առնչվող օրինագծով, որքան հիմա եմ: Մենք ստիպված ենք գործել: Երբեք չեմ տեսել երկու կուսակցությունների կողմից այդքան մեծ աջակցություն մի օրինագծի շուրջ: Ամերիկացի ժողովուրդը լսում է ձեզ: Նրանք կիսում են ձեր երազանքներն ու աջակցում դրանց»,- հայտարարել է սենատոր Լինդսի Գրահամը:

Հիշեցնենք, որ անցած ամիս նախագահ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցնում է ԴԱԿԱ ծրագիրը և Կոնգրեսին է տալիս 6 ամիս՝ նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

«Իմ և այստեղ հավաքված մարդկանց, ինչպես նաև մոտ 800 հազար դրիմերների ապագան չափազանց մշուշոտ է: Մենք անցել ենք բոլոր ստուգումները, մեզանից վերցրել են մատնահետքեր, իսկ այժմ մեզ կառավարությունը սպառնում է արտաքսմամբ: Եվ այստեղ բոլոր հավաքվածներին մտահոգում է ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընտանիքների ապագան»,-նշում է Մարիա Փրայելին:

Չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի սենատորները սկսել են քննարկումները ԴԱԿԱ-ի վերաբերյալ: Հանրապետականներն այն նախկինում որակել էին հակասահմանադրական։