Ռուսաստանում եւ Ադրբեջանում խոսքի ազատության լուրջ խախտումներ են գրանցվում

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանում եւ Ադրբեջանում խոսքի ազատության լուրջ խախտումներ են գրանցվում

Ռուսաստանում, Ադրբեջանում եւ հետխորհրդային մի շարք երկրներում խոսքի ազատության իրավիճակը կտրուկ վատթարացել է, նշել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների մասնակիցները:

«Ռուսաստանում ազատ մամուլի վիճակը շարունակաբար վատթարանում է», - կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծում է, որ հենց ազատ մամուլն է անկողմնակալ լուրեր հաղորդում պատերազմի առաջնագծից, հենց լրագրողներն են բացահայտում կոռուպցիայի դեպքեր եւ հաղորդում դրանց մասին հանրությանը, եւ հենց լրագրողներն են հաճախ դրա համար ճնշումների եւ բռնության ենթարկվում ավտորիտար ղեկավարների կողմից:

Ռուսաստանի հետ միասին մամուլի անազատության ցուցակում առաջին տեղերում է նաեւ Ադրբեջանը, նշում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Նինա Օգնիանովան.

«Ադրբեջանում, որն աշխարհի առավել խիստ գրաքննություն ունեցող երկրներից է, իշխանությունը շարունակում է ճնշել մամուլը եւ նույնիսկ փորձում է իր գրաքննությունը տարածել արտերկրում»:

Օգնիանովան մասնավորապես հիշատակում է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ում Բաքվին հանձնեցին Բելառուսի իշխանությունները, ինչպես նաեւ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին, ում ուժով գաղտնի կերպով Ադրբեջան տեղափոխեցին Վրաստանից.

«Նախագահ Իլհամ Ալիեւը, ով փաստացի ժառանգել էր իշխանությունը հորից 2003-ին, լուրջ ճնշումներ է գործադրում անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների, քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմության ներկայացուցիչների վրա», - նշում է Նինա Օգնիանովան:

Բաքուն ճնշումների է ենթարկում նաեւ «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողներին, նշում է լսումներին մասնակցած «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթը.

«Այս տարվա օգոստոսին Ադրբեջանում «Ամերիկայի Ձայն»-ի երկու լրագրողի կանչել էին հարկային ծառայություն, որտեղ նրանց երկու ժամ շարունակ հարցաքննության էին ենթարկել: Ընդ որում, լրագրողներից մեկին շատ վախեցրել էր քննիչների խոսելաոճը»:

Բենեթը նշում է, որ «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողների դեմ պետական մարմինների մեղադրանքները փաստերով չեն ապացուցվում: Այսպես օրինակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսի ընթացքում հրապարակայնորեն մեղադրեց «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Դանիլա Գալպերովիչին կեղծ լուրեր տարածելու մեջ, սակայն, երբ մատնացույց արվեց, որ Լավրովի մեղադրանքները կեղծ են, դրա համար ներողություն խնդրեց Լավրովի մամլո քարտուղար Մարիա Զախարովան, այն էլ՝ սոցիալական ցանցի եւ ոչ թե ասուլիսի միջոցով:

«Эхо Москвы» ռադիոկայանի թղթակից Կարինա Օրլովան, ով ստիպված էր երկու տարի առաջ տեղափոխվել Մոսկվայից՝ իր հասցեին չեչեն գործիչների կողմից ստացվող սպառնալիքների պատճառով, հիշատակում է Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների եւ սպանությունների մասին հաղորդող լրագրողների հալածանքների մասին.

«Կադիրովի դեմ ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ նա Պուտինին Չեչնիայում խաղաղություն է երաշխավորում»:

Լսումների մասնակիցները հիշեցնում են՝ լրագրողների հասցեին ճնշումներն ու հալածանքները առաջին հերթին վատթարացնում են երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակը, քանի որ առանց ազատ մամուլի, էլ ո՞վ կպատմի հանրությանը ձեր իրավունքները ոտնահարելու կամ կոռուպցիայի մասին: