Պաշտոնական Մոսկվան հերթական անգամ խոչընդոտել է Կրեմլի ամենասուր քննադատ և ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու հանրահավաքը:
Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Նիժնի Նովգորոդում մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և ոստիկանության աշխատակիցներ ապամոնտաժել են Կրեմլի ամենասուր քննադատ, քաղաքացիական ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու աջակիցների տեղադրած վրանը Նավալնու նախընտրական հանարահավաքից ժամեր առաջ:
Վերջինս, ով պետք է մասնակցեր հանրահավաքին, նույն օրն ավելի ուշ ձերբակալվել էր Մոսկվայի իր տանը:
Քաղաքացիական ակտիվիստի աջակիցների կողմից Reuters- ին փոխանցված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ապամոնտաժում վրանը:
Հիշեցնենք, որ Պուտինի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին մտադրված է մասնակցել Ռուսաստանի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ չի հաստատել Նավալնու թեկնածությունը՝ մեղադրելով ակտիվիստին եւ նրա նախկին՝ «Աջ ուժերի միություն» կուսակցությանը միջոցների յուրացման մեջ:
Ակտիվիստը բազմիցս նշել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են և պայմանավորված են քաղաքական շարժառիթներով:
Նավալնին ուրբաթ օրը ավելի ուշ սոցցանցերում գրել էր, որ ոստիկանները իրեն ձերբակալել էին իր տան միջանցքում՝ տեղեկացնելով, որ պետք է իրեն տանեն ոստիկանություն հարցաքննման:
TASS լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մոսկվայի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը հայտարարել է, որ Նավալնին ձերբակալվել է «չարտոնված հանրային հավաքների կոչեր և հայտարարություններ անելու համար»:
Ռուսաստանի իրավապահ մարմինների պնդմամբ՝ բոլոր նմանատիպ ցույցներն ու հավաքները պետք է նախապես հաստատվեն։ Նավալին ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ Ռուսաստանի սահմանադրությունը հստակ ամրագրում է հանրային հավաքների և ցույցերի ազատ անցկացման իրավունքը: