«Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է», - հավաստում է ամերիկյան անվանի դերասան եւ պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը։ Տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին՝ նա որոշեց բարձրաձայնել խնդիրն աշխարհով մեկ: Նա նշում է, որ հայ ժողովուրդն այնպիսի փորձություններով է անցել, որ կարող է աշխարհից այդ փորձությունների ճանաչումն ակնկալել: Ուիլյամսը որոշում է ֆիլմ ստեղծել, որը թիրախավորում է այդ ճանաչման ճանապարհին կանգնած անձանց: Այդ գործում նրան է միանում հանրահայտ սուպերմենի դերակատար, իսկ այսօր արդեն պրոդյուսեր Դին Քեյնը.
«Մեր օրերի Թուրքիայի բնակիչները ցեղասպանություն չեն իրագործել, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց նախնիների հանցանքը եւ դրա վրա հիմնվելով կառուցեն իրենց ապագան»:
Ուիլյամսի ու Քեյնի փաստավավերագրական ֆիլմը՝ «Ժխտման ճարտարապետները», նվիրված է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչումը.
«Այն միտքը, որ ցեղասպանությունը կարող է չճանաչված մնալ, ուղղակի խելագարություն է, դա անընդունելի է»:
«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է արդեն հոկտեմբերին, իսկ մինչ այդ ֆիլմը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ ցուցադրվել էր Վաշինգտոնում՝ տեղի քաղաքական գործիչների, փորձագետների եւ հայ համայնքի համար:
Ֆիլմը բացահայտում կլինի ոչ միայն արտերկրյա, այլեւ հայ լսարանի համար: Այստեղ իրենց հուշերն են պատմում Մեծ եղեռնը վերապրած մարդիկ, Սումգայիթի, Բաքվի հայերը, առաջադեմ փորձագետներ, քաղաքական գործիչները: Սարսափելի ծանր տեսարանները ֆիլմում զուգակցվում են սկանդալային բացահայտումներով: Բացահայտումներ, որոնք, հեղինակների կարծիքով, լույս են սփռում Հայոց ցեղասպանության ժխտման ճարտարապետների վրա:
«Կարեւոր է անցյալի անարդարությունների վրա լույս սփռել: Եկեք բարձրացնենք այդ գորգը եւ նայենք, թե ինչ է թաքնվում դրա տակ», - ցուցադրմանը ներկա կոնգրեսական Ռալֆ Աբրահամի կարծիքով, անցյալի ժխտումը երբեք չի կարող բերել հաջողությունների ապագայում:
Այդ կարծիքը կիսում է նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը: Դեսպանի խոսքով, ֆիլմի էմոցիոնալ ազդեցությունը տպավորիչ է: Արդյո՞ք այն կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ջոն Էվանսի պատասխանն է՝ այո.
«Այն նման է ժայռը քայքայող ջրի կաթիլների, յուրաքանչյուր կաթիլ մոտեցնում է հաղթանակը, յուրաքանչյուր լույսի կաթիլ օգնում է վերջ տալ խավարին»: