Իրաքի խորհրդարանի խոսնակը կոչ է անում Իրաքյան Քրդստանից դուրս բերել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները

Իրաքյան քրդերը քվեարկել են ի օգուտ անկախացման Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին: Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի իշխանությունները, ինչպես նաև հարևան երկրներն ու Միացյալ Նահանգները:

«Սպառնալիքների ու պատժամիջոցների փոխարեն եկեք սկսենք լուրջ երկխոսություն, թե ինչպես լինել լավ հարևաններ»,- հայտարարել է Բարզանին:

Հանրաքվեն չունի իրավական պարտադիր ուժ, սակայն Բարզանին հույս ունի, որ «այո»-ն կնպաստի քրդերի ու իրաքյան կառավարության միջև երկխոսությանը:

Ի պատասխան անցկացված հանրաքվեի Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին սպառնացել է փակել դեպի Քրդական շրջան օդային ճանապարհը, եթե այնտեղի առաջնորդները չհանձնեն դաշնային իշխանություններին օդանավակայանների նկատմամբ վերահսկողությունը:

Միևնույն ժամանակ Իրաքի խորհրդարանի խոսնակ Սալիմ Ալ Ջաբուրին կոչ է արել վարչապետին պաշտպանել Իրաքի միասնականությունը:

«Բանակի գերագույն գլխավոր հրամանատարը՝ վարչապետը, պետք է դիմի բոլոր սահմանադրական և իրավական միջոցների, ներառյալ անվտանգության ուժերի տեղակայմանը բոլոր վիճելի տարածքներում, ինչպես նաև Քըրքուքում, ինչպես դա եղել է մինչև 2014 թվականի հունիսի 10-ը՝ Իրաքի միասնականությունը պահպանելու և երկրի բնակչությանը պաշտպանելու համար»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

Նա կոչ է արել վերացնել բոլոր անցակետերը, որոնք դաշնային իշխանությունների վերահսկողությունից դուրս են: Բացի այդ Ալ Ջաբուրին առաջարկել է դիմել հարևան երկրներին այս հարցում Իրաքին օժանդակելու համար: Ըստ նրա, կառավարությունը պետք է վերականգնի իր վերահսկողությունը բոլոր նավթային պաշարների նկատմամբ, ներառյալ Իրաքյան Քրդստանի տարածքի նավթային պաշարները:

Իրաքի խորհրդարանի խոսնակը նաև կոչ արեց օտար պետություններին, որոնք ունեն դիվանագիտական ներկայացուցչություններ Իրաքյան Քրդստանում, փակել դրանք կամ դուրս բերել Քրդստանի շրջանի տարածքից: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր հրամանագիր Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին:

Պատասխանելով մամուլի հարցումներին, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի Իրաքյան Քրդստանի հանրաքվեի և այնտեղ գրանցված արդյունքների վերաբերյալ՝ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է Իրաքյան Քրդստանում տեղի ունեցող զարգացումներին: