Թուրք-գերմանական հարաբերությունների ճգնաժամը գնալով խորանում է

German Chancellor Angela Merkel and Turkey President Recep Tayyip Erdogan go their separate ways after a handshake greeting at the beginning of the G20 summit in Hamburg, Germany, July 7, 2017.

Թուրքիայի ու Գերմանիայի միջև հարաբերությունները գնալով էլ ավելի են լարվել այն բանից հետո, երբ Թուրքիյում բերման են ենթարկվել երկու գերմանացիներ, իսկ Գերմանիայի արտգործնախարարությունը ի պատասխան զգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիա այցելելու ռիսկի մասին:

Այսօր Գերմանիայի տասնյակ քաղաքացիներ, որպես քաղաքական բանտարկյալներ, գտնվել կամ գտնվում են Թուրքիայի բանտերում: Նրանց թվում է գերմանացի թուրք լրագրող Դենիզ Յուսելը, ով գերմանական Die Welt օրաթերթի թղթակիցն է: Նա 200 օր պահվել է անազատության մեջ առանց որևէ մեղադրանքի առաջադրման:

Այս վերջին զգուշացումների պատճառ է հանդիսացել Անթալիայի օդանավակայանում Գերմանիայի երկու քաղաքացիների բերման ենթարկումը անցած շաբաթ: Արտգործնախարարությունը ընդգծել է, որ նման միջադեպեր կարող են տեղի ունենալ Թուրքիայի յուրաքանչյուր հատվածում:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ասել է, որ Գերմանիայի իշխանություններն անզոր են Գերմանիայի քաղաքացիներին արգելելայցելելու Թուրքիա, սակայն կարող են զգուշացնել հետևանքների մասին:

Երեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել էր, որ գալիք ընտրություններում վերընտրվելու դեպքում Եվրամիության առջև ինքը պահանջ կդնի դիտարկել Թուրքիայի անդամակցման գործընթացի սառեցման կամ դադարեցման հնարավորությունը: Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին օրենքի գերակայությունը խախտելու մեջ:

Թուրքական կողմը կտրուկ արձագանքել է Գերմանիայի կանցլերի նախընտրական հայտարարությանը, ուր Մերքելն ասել էր, թե փաստ է, որ Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ: Թուրք պաշտոնյաները քննադատել են ինչպես Մերքելին, այնպես էլ նրա մրցակից Մարթին Շուլցին, ինչպես նրանք ասել են, հակաթուրքական հռետորաբանության համար՝ հնչեցված նախընտրական բանավեճի ընթացքում: Նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին էլ իր հերթին ասել է, որ Մերկելն այսպիսով փորձում է ուշադրությունը շեղել Գերմանիայում առկա խտրականության և ռասիզմի խնդիրներից:

Թուրքական իշխանամետ մամուլը ևս միացել է հակագերմանական արշավին: Daily Sabah թերթի մեկնաբան Սեմիլ Էրթեմն ասել է, որ գերմանացի գործարարները շարունակում են ներդրումներ կատարել Թուրքիայում և անտեսել Բեռլինի ՝՝ֆաշիստական հռետորաբանությունը՛՛: Նա զուգահեռներ է անցակցրել Բեռլինի ներկա քաղաքականության և նացիստական Գերմանիայի միջև:

Թուրք-գերմանական հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում չափազանց լարվել են՝ ելնելով մի շարք պատճառներից, ներառյալ փախստականների ճգնաժամը, Սիրիայի պատերազմն ու 2016 թվականի հեղաշրջման փորձն ու դրան հետևած բռնությունները:

Հինգշաշբթի օրը Համբուրգում մեկնարկում է դատավարություն կապված թուրք լրտես Մեհմեդ Ֆաթիհի հետ, ով պետք է հետևեր Եվրոպայում բնակվող ազգությամբ քուրդ Յուքսել Կոցին: Ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ թուրքական հատուկ ծառայությունները նախապատրաստում էին Կոցի սպանությունը: Սպասվում է, որ այս դատավարությունը ևս կխորացնի ճգնաժամը թուրք-գերմանական հարաբերություններում:

Համբուրգյան դատավարությունը հարց է առաջացնում Գերմանիայում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվության հետ կապված: Վերջերս Բեռլինի ու Անկարայի հարաբերությունները լարվեցին նաև այն բանից հետո, երբ տեղեկություն ստացվեց, որ Թուրքիան օգտագործում է մահմեդական քարոզիչներին Ֆեթուլահ Գյուլենի հետևորդների նկատմամբ լրտեսություն իրականացնելու համար: Գերմանական կողմը մեղադրել էր Կրոնական հարցերով թուրք-իսլամական միությանը Էրդողանի քաղաքական հակառակորդի դեմ ակտիվության մեջ: Թուրքիան իր հերթին հերքել է մեղադրանքները:

Այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Գերմանիայի արտգործնախարար Գաբրիելը, ով մտավախություն ունի, որ Գերմանիայում Թուրքիայի աջակցության ներքո գտնվող մզկիթները վերածվել են Էրդողանի քաղաքական գործիքների ու գործում են որպես նրա գործակալներ: