Թրամփը շաբաթ օրը կրկին կայցելի Թեքսաս

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Հարվի փոթորկից տուժածներին հատկացվող օգնությունը հասանելի կլինի հաջորդ ամսվանից:

Մինչ հարավային Թեքսաս նահանգում շարունակվում են Հարվի փոթորկից հետո մեկնարկած փրկարարական և վերականգնողական աշխատանքները, Սպիտակ տունը վստահեցրել է տուժածներին, որ օժանդակության համար հատկացված գումարը ծառայելու է նպատակին:

Հարվի Փոթորիկը հսկայական վնաս է հասցրել ԱՄՆ-ի Թեքսաս և Լուիզիանա նահանգներին:Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով, փոթորկից տուժածների համար հատկացված գումար հասանելի կլինի հաջորդ ամսից:

«Եթե վերականգնողական աշխատանքների համար հիմա կամ հետագայում լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք լինի, մենք դրան կանդրադառնանք փուլային տարբերակով: Ես մտահոգված չեմ այն փաստից, որ այս պահին չկան անհրաժեշտ միջոցներ ընթացիկ, կամ հաջորդ ամիս տրամադրվող օգնության և վերականգոնղական աշխատանքների համար», - հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Բոսերթը:

Բոսերթի խոսքերով, Հարվի փոթորկի հետևանքով տուժած տների թիվը հասնում է 100 հազարի, վնասվել են պետական ենթակառուցվածքները, որոնց թվում' բազմաթիվ մայրուղիներ և կամուրջներ:

Ամենամեծ վնասը Հարվի փոթորիկը հասցրել է հատկապես ԱՄՆ-ի ազգաբնակչությամբ չորրորդ ամենախոշոր' Հյուսթըն քաղաքին: Հյուսթընի քաղաքապետի խոսքերով՝ քաղաքային կյանքը տեղական ընկերությունների համար, այնումենայնիվ, ընթանում է իր սովորական հունով:

«Թույլ տվեք ասել, ինչու եմ կարծում, որ ամեն ինչ կվերականգնվի մեկ տարվա ընթացքում: Պատճառն այն է, որ բոլոր կորպորացիաներն ու մարդիկ նպատակադրված են աշխատում այդ ողղությամբ և ջանք ու եռանդ չեն խնայում», -հայտարարել է Հյուսթընի քաղաքապետ Սիլվեսթեր Թըրները:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ու Մայք Փենսն արդեն իսկ ացյելել են աղետի գոտի: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մասնակցել է վերականգողական աշխատանքներն, իսկ Թրամփը պատրաստվում է կրկին վերադառնալ Թեքսաս առաջիկա շաբաթ օրը:

Քամուց և տեղատարափ անձրևներից ու հեղեղումներից փոթորկի վերածված Հարվիի ավերածությունների հետևանքներն ու տնտեսական վնասները դեռ վերջնական հաշվարկների փուլում են, իսկ մահացությունների թիվը ներկայումս հասնում է 37-ի: