Գվատեմալայի Սահմանադրական դատարանը թույլ չի տվել կառավարությանը արտաքսել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Իվան Վելասքեզին՝ նախագահ Ջիմի Մորալեսի կարգադրության համաձայն: Վելասքեզը վարում է անօրինական վճարումների վերաբերյալ հետաքննությունը՝ կապված նախագահի կուսակցության հետ:
Երկրի նախագահը հայտարարել էր, որ Վելասքեզը պետք է արտաքսվի երկրից ի շահ Գվատեմալայի ժողովրդի, և այդ քայլը, ըստ նախագահի, կուժեղացնի երկրում օրենքի գերակայությունն ու ինստիտուտների կայացումը:
«Մեր պարտքն է դադարեցնել անօրինական և հակասահմանադրական ճնշումները, որոնք Վելասքեզը իրականացնում է օրենսդիր մարմնի նկատմամբ: Ես հաստատում եմ, որ Վելասքեզը չարաշահել է իր պաշտոնը, քանի որ ուղղակիորեն միջամտել է ներքին գործերի մեջ, որոնք վերաբերում են միայն Գվատեմալային»,- հայտարարել է նախագահը:
Նախագահ Մորալեսը նաև հայտարարել է արտգործնախարար Կառլոս Ռաուլ Մորալեսին պաշտոնից ազատելու մասին՝ արտաքսման մասին հրամանը չկատարելու համար:
Վելասքեզի հանձնաժողովը համուզված է, որ նախագահ Մորալեսը խախտել է օրենքը 2015 թվականի ընտրությունների ժամանակ:
«Իր նախկին պաշտոնում, որպես կուսակցության քարտուղար, նախագահը միգուցե ստացել է ֆինանսական միջոցներ անանուն աղբյուրներից և դրանք չի գրանցել քաղաքական կուսակցության ֆինանսական հաշվետվություններում: Գլխավոր ընտրական դատարանը այսպիսով չի կարողանում իրականացնել իր քաղաքական քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության գործառույթները»,- ասում է Վելասքվեզը:
Հետաքննության ընթացքում Վելասքեզը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել դատախազությանը նախագահին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Սահմանադրական դատարանը պահանջում է նախագահից դադարեցնել Վելասքեզի հետապնդումները կամ թույլ տալ Գվատեմալայի դատարանին որոշում կայացնել:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել է, որ չափազանց մտահոգված է նախագահ Մորալեսի որոշմամբ: ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Վելասքեզի հանձնաժողովին և ընդգծել, որ այն պետք է ազատ աշխատի առանց Գվատեմալայի կառավարության միջամտության:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հայտնել է իր զարմանքը նախագահ Մորալեսի որոշման կապակցությամբ՝ Վելասքեզին «ոչ ցանկալի անձ» հայտարարելու մասին: