​Քլինթոնն իր նոր «Ի՞նչ տեղի ունեցավ» անվանմամբ գրքում անդրադարձել է Թրամփին  

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր նոր գրքում խոստովանել է, որ իր և Թրամփի 2-րդ նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ իրականում ցանկացել է ասել իր մրցակցին՝ «Քայլ հե՛տ, սողուն, հեռու ինձնից»:

2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր նոր գրքում անդրադարձել է 2016 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների իր և Թրամփի 2-րդ նախընտրական հեռուստաբանավեճին՝ որակելով այն սարսափելի փորձառություն:

«Ի՞նչ տեղի ունեցավ» անվանմամբ հուշերում, որը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 12-ին, Քլինթոնը խոստովանել է, որ Սենթ Լուիզում կայացած բանավեճի ընթացքում ինքն իրականում ցանկացել է ասել իր մրցակցին՝ «Քայլ հե՛տ, սողուն, հեռու ինձնից», քանի որ անհարմար է զգացել, երբ մրցակիցը շատ է մոտեցել իրեն ՝ հատելով իր անձնական տարածքը:

Նշենք, որ Քլինթոնը պատմել է, որ չի ահաբեկվել Թրամփից ու շարունակել է բանավեճը առանց մեծ աղմուկ բարձրացնելու նրա վարքագծի մասին:

Քլինթոնը հավելել է նաև, որ Թրամփը չափից դուրս մոտ է կանգնել իրեն ու գրեթե շնչել իր պարանոցին:

Նրա խոսքերով՝ այդ այն պահերից էր, երբ կցանկանար դադարեցնել բանավեճն ու հարցնել հեռուստադիտողներին, - «Իսկ ի՞նչ կանեիք դուք: Հանգստություն կպահպանեի՞ք և կշարունակեի՞ք ժպտալ՝ձևացնելով իբր նա չի փորձում մուտք գործել ձեր անձնական տարածք, թե՞ կշրջվեիք, ու նայելով նրա աչքերին, հստակ ու բարձրաձայն կասեիք՝ «Քայլ հե՛տ, սողուն, հեռու ինձնից: Ես գիտեմ, որ դու սիրում ես կանանց ահաբեկել, բայց ինձ չես վախեցնի, այնպես որ՝ քայլ հե՛տ»»:

Հիլարի Քլինթոնը նշել է նաև, որ տարիների ընթացքում խնդրահարույց տղամարդկանց հետ գործ ունենալով՝ գուցե սխալ է եղել իր այն դիրքորոշումը, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հարկավոր է հանգստություն պահպանել և ժպտալ՝ աշխարհին հանգիստ ու բարեհամբույր ներկայանալու համար:

Նշենք, որ Քլինթոնի՝ «Ի՞նչ տեղի ունեցավ» նոր գրքից հատվածի ընթերցանությունը եթեր է հառարձակվել ամերիկյան MSNBC հեռուստաընկերության «Առավոտյան Ջո» հաղորդման ժամանակ: