ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրում ռազմական օժանդակություն

U.S. Secretary of Defense James Mattis and Ukraine's Defense Minister Stepan Poltorak walk past honor guards during a welcoming ceremony in Kyiv, Ukraine, Aug. 24, 2017.

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին Կիև կատարած այցի շրջանակում: Կիևում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ընդգծել է Միացյալ Նահանգների աջակցությունն Ուկրաինային և նրա զինված ուժերին: Մեթիսը նշել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում 2014 թվականի Ղրիմի բռնակցումը և լրջորեն քննարկում է Ուկրաինային մահաբեր զենքերի տրամադրման հնարավորությունը:

«Մենք օրերս հաստատել ենք 175 միլիոն դոլարի զինատեսակների և հատուկ միջոցների օգնության տրամադրում Ուկրաինային, որը պետք է օգտագործվի երկրի պաշտպանության համար: Դրանով մեր ռազմական օժանդակությունը վերջին տարիներին կհասնի 750 միլիոն դոլարի: Մենք աջակցում ենք Ձեզ և քննարկում ենք պաշտպանական մահաբեր զենքերի տրամադրման հնարավորությունը»,- ասել է պաշտպանության նախարար Մեթիսը:

Օբամայի վարչակազմը գտնում էր, որ պաշտպանական բնույթի մահաբեր զենքերի տրամադրումն Ուկրաինային կարող է հրահրել Ռուսաստանին նոր գործողությունների, սակայն Թրամփի վարչակազմը վերանայում է այս մոտեցումը:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ տրամադրվող զենքերը կրում են պաշտպանողական բնույթ և կարող են սպառնալ միայն զավթիչներին:

Իր հերթին նախագահ Պորոշենկոն ասել է, որ պաշտպանողական այս զինատեսակները կօգնեն Ուկրաինային հակազդելու, եթե Ռուսաստանը որոշի հարձակում գործել իր երկրի դեմ: