ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը: Դեսպան Հոգլանդը ընթերցեց դրանք Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում.
- «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
- Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
- Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
- Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
- Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
- Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
Դեսպանի խոսքով, այս կետերում ներկայացված է միջազգային միջնորդների ընդհանուր քաղաքականությունը, դրանք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա, որոնք էլ բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիմքում են.
«Սա երկարատեւ քաղաքականություն է, այն կապված չէ այս կամ այն համանախագահի հետ, սա մեր ընդհանուր քաղաքականությունն է: Անշուշտ առաջարկվող ծրագիրն ավելի մանրամասն է եւ ծավալուն, սակայն սա ցանկացած խելամիտ կարգավորման հիմքն է, եւ բոլոր կողմերը համաձայն են այս հարցում»:
Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշմանը, ապա Ռիչարդ Հոգլանդն ընդգծում է.
«Նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք միեւնույն է համաձայն են քննարկել այն, կարծում եմ այժմ հենց դա է կարեւորը»:
Հանդիպմանը ներկա ադրբեջանցի լրագրողներին անհանգստացրել էր այն փաստը, որ դեսպանի ներկայացված կետերում հատուկ նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որը, դեսպանի խոսքով, պետք է քննարկվի.
«Խաղաղության հիմքը պետք է համապատասխանի հելսինկյան սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականության սկզբունքը: Միտումնավոր չէ, որ տարածքային ամբողջականություն ձեւակերպումը բաց է թողնված, դա հարց է, որը պետք է քննարկվի վերջում»:
Ռիչարդ Հոգլանդնի խոսքով, Լեռնային Ղարաբաղը տարբերվում է Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հակամարտություններից եւ ունի երկար տարիների պատմություն.
«Այս խնդիրը չի սկսվել խորհրդային նախկին երկրների անկախացումից հետո: Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»:
Դեսպան Հոգլանդն ուներ եւս մեկ կարեւոր հայտարարություն՝ երկուշաբթի, օգոստոսի 28-ին նա ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին.
«Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող նոր համանախագահին, ապա նա Ռիչարդ Հոգլանդնի խոսքով շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես
Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար.
«Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»:
Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները, հեռանալուց առաջ նշեց դեսպան Հոգլանդը: