Նախագահ Թրամփը որոշում է կայացրել Աֆղանստանում ամերիկյան նոր ռազմավարություն շուրջ 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավարտեց իր 17 օրյա հանգիստը և իր ընտանիքի հետ վերադարձավ Սպիտակ տուն: Նախագահի բացակայության օրերին Սպիտակ տանն ընթանում էին 3,4 միլիոն դոլար արժողության շինարարական աշխատանքներ, որոնք ներառում էին նաև նոր տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի տեղադրում:

Իսկ այս օրերի ներքաղաքական փոփոխությունների շարքը գլխավորում է Սպիտակ տան գլխավոր խորհրդական Սթեֆեն Բենընի հեռացումը: Վերջինս որոշ տարաձայնություններ ուներ Թրամփի թիմի այլ անդամների հետ, ներառյալ Թրամփի դուստր Իվանկայի ու նրա ամուսին Ջարերդ Քուշների հետ:

Նախագահի համար այս օրերին մեկ այլ հակասական թեմաներից է Շարլոթսվիլի իրադարձություններից հետո նրա արած մեկնաբանությունները, երբ նախագահը բախումների մեջ մեղադրեց երկու կողմերին: Վերջինիս հայտարարությունը կոշտ քննադատության ենթարկվեց հանրության կողմից:

Իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում այս օրերի առաջնային թեմաներից է ԱՄՆ-ի հետագա ռազմավարությունն Աֆղանստանում: Նախագահ Թրամփը նախատեսում է անդրադառնալ այս հարցին իր ելույթում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մանրամասներ տրամադրել Աֆղանստանի հարցում ամերիկյան նոր ռազմավարության մասին՝ ընդգծելով, որ դրա մասին կխոսի նախագահը:

«Նախագահը կայացրել է որոշում, ինչպես նա ասել է մեզ: Նա ցանկանում է ինքը տեղեկացնել դրա մասին ամերիկյան ժողովրդին, ուստի ես կպահպանեմ լռությունը մինչև այդ պահը»,- հայտարարել է նախարար Մաթիսը:

Ամերիկյան ռազմական ղեկավարությունը այսօր Աֆղանստանում տիրող իրավիճակը նկարագրել էր որպես կաթվածահար: ԱՄՆ-ի նախագահը ուրբաթ օրը հանդիպել է երկրի ռազմական և անվտանգության հարցերով բարձրաստիճան ղեկավարների հետ՝ քննարկելու Աֆղանստանի հարցը, որից հետո իր թվիթերի էջում տեղեկացրել է հանրությանը, որ նա կայացրել է որոշում Աֆղանստանում ԱՄՆ-ի հետագա ռազմավարության շուրջ: