Գլխավոր խորհրդական Ստիվըն Բենոնը լքում է Սպիտակ տունը

Սպիտակ տան գլխավոր խորհրդական Ստիվըն Բենոնն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և կլքի Սպիտակ տունը: Հայտնի է, որ Բենոնը մշտապես պայքարի մեջ էր Սպիտակ տան այլ պաշտոնյաների հետ' ''Ամերիկան առաջնային է'' իր կարգախոսն առաջ մղելու համար:

Մինչ այդ Թրամփի մի շարք սատարողներ կոչ էին անում նախագահին հեռացնել Բենոնին Սպիտակ տնից: Նախագահին հորդորում էին Սպիտակ տանն իրականացնել արմատական փոփոխություններ նաև սեփական կուսակցության բարձրաստիճան անդամները, որոնց թվում է հանրապետական սենատոր Բոբ Քորքերը:

«Նախագահն առ այսօր չի կարողացել հաստատել կայունություն ու ցույց տալ համապատասխան որակներ՝ հաջողության հասնելու համար: Մեր ազգին և ամբողջ աշխարհին անհրաժեշտ է, որ նա հաջողակ լինի»,- նշում է սենատոր Քորքերը:

Սենատոր Քորքերը քննադատել է նաև նախագահի մոտեցումները Հյուսիսային Կորեայի հարցում: Նա ասել է, որ նախագահը պետք է կարող լինի կառուցել կամուրջներ՝ հակամարտությունը սրելու փոխարեն:

«Խորացող բաժանումը, եթե անգամ այն օգնում է ստանալ քաղաքական աջակցություն, վնաս է հասցնում մեր պետությանը՝ բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհին»,- ընդգծում է սենատորը:

Հանրային արձանների հետ կապված հարցում, ի տարբերություն նախագահ Թրամփի, սենատոր Քորքերը կողմնակից է կոնֆեդերացիայի ժամանակների հերոսների արձանները հանելուն: