Հասարակական ճնշման արդյունքում՝ Թրամփը, վերջապես, ավելի հասցեական քննադատության է արժանացրել՝ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում Կու-Կլուքս-Կլանի, նեոֆաշիստական, սպիտակամորթ ազգայնական և ատելություն քարոզող մյուս խմբավորումների անդամների իրականացրած բռնարարքները:
Երկուշաբթի օրը Վաշինգտոն կատարած կարճատև այցի ընթացքում Թրամփը վերջապես, ուղղակիորեն դատապարտել է Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած բռնարարքները՝ որակելով դրանք ռասիզմի դրսեւորում:
«Ռասիզմը չարիք է, և նրանք, ովքեր բռնություն են իրականացնում ռասայական դրդապատճառներից ելնելով, հանցագործներ և մարդասպաններ են, որոնց թվում են Կու-Կլուքս-Կլանը, նեոֆաշիստական, սպիտակամորթ ազգայնական և ատելություն քարոզող մյուս խմբավորումների անդամները, որոնք անարգում են մեր՝ ամերիկացիներիս հարազատ արժեքները»:
Թրամփի այս հայտարարությունը հաջորդել է վերջին օրերին իր իսկ կուսակիցների և միլիոնավոր ամերիկացիների բարձրացրած քննադատությունների ալիքին:
Անցած կիրակի օրը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքաներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Դենվերում, հազարավոր ցուցարարներ իրենց բողոքն ու վրդովմունքն էին արտահայտում նախօրեին Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ազգայնականների բողոքի ցույցի վերջում գրանցված բախումների և քաղաքացիական իրավունքների համար պայքարող ակտիվիստ Հեդեր Հեյերի սպանության առնչությամբ Թրամփի արած ոչ կոշտ հայտարարության առթիվ:
Միլիոնավոր ամերիկացիների կարծիքով՝ Շարլոթսվիլի իրադարձություններին հաջորդած Թրամփի հայտարարությունը պետք է ավելի խստորեն և հասցեական դատապարտեր աջակողմյան սպիտակամորթ ազգայնականների և նեոնացիստների բռնարարքները, մինչ Թրամփի հայտարարությունը կատարվածի համար մեղադրում էր բոլոր կողմերին, ներառյալ՝ սիտակամորթ ազգայնականների ատելությամբ ու ռասիստական դրսևորումներով անցնող ցույցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ օգոստոսի 12-ի առավոտյան, Շարլոթսվիլ քաղաքում մեկ մարդու սպանությամբ և դաժան բռնարարքներով ուղղորդված ցույցը շարունակությունն էր ուրբաթ օրը երեկոյան Վիրջինիայի համալսարանի բակում մեկնարկած ջահերով երթի, որի մասնակիցները՝ այդ թվում սիտակամորթ ազգայնականների, Կու-Կլուքս-Կլանի և տարբեր նեոֆաշիստական խմբավորումների անդամները, պահանջում էին չեղարկել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի հերոս և ստրկության ջատագով գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը հանելու Վիրջինիայի քաղաքապետարանի որոշումը։
Նշենք նաև, որ շաբաթ օրը կայացած ցույցի վերջում Օհայո նահանգի բնակիչ, 20-ամյա Ջեյմս Ֆիլդսը ավտոմեքենայով մխրճվել էր սպիտակամորթ ազգայնականների երթի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների բազմության մեջ՝ սպանելով մեկ, և վիրավորելով երկու տասնյակից ավելի խաղաղ ցուցարարների: Նույն օրը՝ դեռևս ոչ հայտնի պատճառներով, Շարլոթսվիլից ոչ հեռու, ուղղաթիռի պայթյունից զոհվել էր ևս երկու ոստիկան, որն ըստ իրավապահների՝ ևս կապված էր երթի հետ: Վիրջինիայի նահանգապետ Թերի Մքաուլիֆը արտակարգ դրություն էր հայտարարել՝ կոչ անելով սպիտակամորթ ազգայնականներին տուն վերադառնալ:
BBC-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած առաջին դատական լսմանը Շարլոթսվիլում 19 հոգու վրաերթի ենթարկած և 32-ամյա Հեդեր Հեյերի սպանության մեջ մեղադրվող 20-Ջեյմս Ֆիլդսը՝ նյարդային և անտարբեր տեսք ուներ և խուսափում էր նայել տեսախցիկի ուղղությամբ:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է իրականացնում Շարլոթսվիլում տեղի ունեցած բռնությունների մանրամասները պարզելու նպատակով: