Օգոստոսի 8-ին լրացավ ռուս-վրացական պատերազմի 9-րդ տարելիցը

Թբիլիսում և Հարավային Օսիայում երեքշաբթի օրը անցկացված սգո միջոցառումներն ու բողոքի ակցիաները նվիրված էին 2008 թվականի օգոստոս ամսի ռուս - վրացական հակամարտության 9-րդ տարելիցին:

2008 թվականի օգոստոսի 8-ին՝ մինչ աշխարհը հետևում էր Պեկինում ընթացող ամառային Օլիմպիական խաղերին, ռուսական զորքերը ներխուժեցին Հարավային Օսիա՝ սկիզբ դնելով ռուս-վրացական 5-օրյա պատերազմի զինված բախումներին և հատուկ գործողություններին:

Հիշեցնենք, որ ռուս - վրացական պատերազմը ավարտվեց 2008-ի օգոստոսի 12-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և միջազգային միջնորդների ջանքերի շնորհիվ կնքված համաձայնագրի արդյունքում:

Պաշտոնական Թբիլիսիի և Կրեմլի հարաբերությունները մինչ օրս գտնվում են սառեցված վիճակում 2008 թվականի սեպտեմբերի 2-ից ի վեր, երբ Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 8-ին, Վրաստանում և Հարավային Օսիայում նշում էին ռուս-վրացական պատերազմի 9-րդ տարելիցը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ինչպես նաև՝ կարառավարության այլ անդամներ մասնակցել են Թբիլիսիի Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանն անցկացվող սգո արարողությանը և ծաղկեպսակ դրել օգոստոսյան հակամարտության ժամանակ զոհված զինծառայողների շիրիմներին:

Նախագահ Մարգվելաշվիլին իր ելությում նշել է, որ ոչ մի վրացի երբևէ չի հանդուրժի ռուսական օկուպացիան՝ ընդծելով տարածաշրջանի լիակատար վերաինտեգրմանն ուղղված խաղաղ բանակցություններ վարելու գործընթացում պաշտոնական Թբիլիսիի պատրաստակամությունը:

BBC-ի հաղորդմամբ՝ նույն օրը Հարավային Օսիայում ռուսական ռազմակայաններից ավելի քան 400 մետր հեռավորության վրա, հարյուրավոր վրացիներ մարդկային շղթա էին կազմել դեպի ռուսական զինուժի կողմից վերահսկվող սահմանը տանող գլխավոր ճանապարհին:

Հարավային Օսիա ռուսական զորքերի ներխուժումից և ռուս- վրացական հնգօրյա պատերազմից 9-ը տարի անց՝ Պուտինը,Կրեմլի հաղորդմամբ, այցելել է Աբխազիա իր աջակցությունը ցուցաբերլու անջատողականներին:

Ի նշան բողոքի՝ Վրաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Պուտինի այցը տարածաշրջան՝ որակելով այն «ցինիկ քայլ », ավելացնելով, որ Պուտինի այցը «ծառայում է ինքնիշխան պետության սահմաններն ուժային ճանապարհով փոփոխությանն ու լեգիտիմացմանը` ռազմական ագրեսիայի, էթնիկ զտման եւ օկուպացիայի միջոցով»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թբիլիսի կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Փենսը նաև դատապարտել է Ռուսաստանի «ագրեսիան» և վրացական տարածքների «օկուպացիան»:

Ժնևի միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության ակադեմիայի հակամարտությունների անկախ փաստահավաք առաքելության տվյալներով՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ընթացքում զոհվել է Վրաստանի 413 քաղաքացի, որոնցից 228-ը՝ խաղաղ բնակիչներ, 171-ը՝ զինծառայողներ, 14-ը՝ ոստիկաններ:

Ըստ նույն զեկույցի՝ ռուսական կողմից զոհվել է 67 զինծառայող, վիրավորվել՝ 283-ը: Հարավային Օսիայի կողմից զոհվել են ընդհանուր թվով խաղաղ 365 բնակիչներ և զինծառայողներ: 2008 թվականի օգոստոսյան ռուս- վրացական հակամարտության հետևանքով տուժած անձանց և ներքին տեղահանվածների թիվը հասնում է 150 հազարի:

Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են միայն ՄԱԿ-ի 4 անդամ երկրներ՝ Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: