Սպիտակ տունը հակադարձում է Washington Post-ին

Ըստ Washington Post-ի՝ Դոնալդ Թրամփն անձամբ է հեղինակել վերջերս հրապարակված զեկույցը, որն առնչվում է ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր որդու և ռուս փաստաբանի միջնորդավորված գաղտնի հանդիպմանը:

Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը վիճարկել է Washington Post-ի հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն առ այն, որ Թրամփն է հեղինակել վերջերս հրապարակված զեկույցը, որը հերքում էր Դոնալդ Թրամփ կրտսերի, ինչպես նաև Թրամփի թիմի այլ անդամների և ռուսների հետ ունեցած հանդիպման կապը հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի հետ:

«Նա անշուշտ չի թելադրել զեկույցի բովանդակությունը, բայց ինչպես նշեցի, որպես հայր իր առաջարկներն է արել»,- հայտարարել է Սանդերսը:

Թրամփ կրտսերն ավելի ուշ հրապարակել է իր էլեկրոնային նամակները, որը լույս էր սփռել Թրամփի թիմակիցների և ռուս փաստաբանի հետ տեղի ունեցած միջնորդավորված հանդիպման մանրամասներին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիս ամսին Թրամփի ավագ որդին, փեսան ու Թրամփի նախընտրական շտաբի նախկին տնօրեն Փոլ Մանաֆորտը գաղտնի հանդիպում էին ունեցել ռուս փաստաբան Նատալիա Վեսելնիցկայայի հետ՝ նպատակ ունենալով ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որը վնաս կհասցներ Հիլարի Քլինթոնի քաղաքական հեղինակությանը:

ԱՄՆ-ի կոնգրեսի երկու հանձնաժողովներն ու հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը շարունակում են հետաքննել Ռուսաստանի և Թրամփի թիմի միջև գաղտնի համաձայնության գործի մանրամասները: