Ծանր իրավիճակ՝ Հալեպում

Ain Daqna

Արևելյան Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Զոհված մարդկանց մարմինները շարունակում են մնալ ավերակների տակ, քաղաքում առկա է հացի ու էլեկտրականության պակաս, դպրոցները ավերված են, և երեխաները ստիպված են դասերը շարունակել մզկիթներում:

Ռոյթերս գործակալությունն այցելել է քաղաքի ալ Քալասա շրջանը՝ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Այստեղ իրավիճակը մնում է ծանր: Վերականգնողական աշխատանքները, որոնք համակարգում են պետական մարմինները, ընթանում են դանդաղ: Առկա են սոցիալական լուրջ խնդիրներ:

«Ինձ անհրաժեշտ է ամսական 18 հազար լիրա էլեկտրականության, 15 հազար՝ ջրի համար: Դա ընդհանուր 33 հազար է, իսկ իմ աշխատավարձը կազմում է 40 հազար: Ինձ մնում է ընդամենը 7 հազար լիրա: Եվ սա՝ առանց հաշվի առնելու սննդի, գազի ու դեղորայքի ծախսերը: Ի՞նչ կարող ենք անել: Մենք ամուր ենք, սակայն անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցերին»,- ասում է 5 երեխաների հայր Ալլա ալ Դիքը:

Քաղաքի էլեկտրականության մատակարարումն ապահովվում է մասնավոր գեներատորի միջոցով, ջրի և հացի մատակարարմամբ զբաղված են տարբեր մարդասիրական կառույցներ, իսկ կրթությունն ու առողջապահությունն ապահովում են ՄԱԿ-ի ծրագրերը:

«Էլեկտրականության վաճառքի վրա չկա վերահսկողություն: Ջրի մատակարարման վիճակը վատ է, և մենք ջուր չունենք: Տրանսպորտի վիճակը ևս լավ չէ, չկան ավտոբուսներ: Կամ պետք է օգտվես տաքսու ծառայությունից կամ քայլես ոտքով»,- նշում է 5 երեխաների գործազուրկ հայր Մազեն Ալշեյխը:

Պետական մարմինները փորձում են վերացնել պատերազմի հետքերը փողոցներում: Հալեպի նահանգապետի օգնականն ասում է, որ պետական կառույցները տարբեր ծառայություններ են մատուցում օգնություն տրամադրող գործակալությունների օժանդակությամբ:

«Տեղական իշխանությունները և նրանց գրասենյակները տրամադրում են ընդհանուր բժշկական և առաջին օգնություն: Դրանք նաև հայրենադարձության ուղղությամբ աշխատանքներ են տանում»,- ասում է Հալեպի նահանգապետի օգնական Աբդուլղանի Քասաբը:

Սակայն ալ Քալասայի շրջանում, որը վերադարձել է կառավարության վերահսկողության ներքո դեկտեմբեր ամսին, պետության գործունեությունն այդքան էլ տեսանելի չէ:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի 6-րդ տարում իրավիճակը չափազանց ծանր է: Երկրի զգալի հատվածը մնում է կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս: Արևմտյան երկրների պատժամիջոցները թուլացրել են տնտեսությունը, երկրի ջրի, էլեկտրականության ենթակառուցվածքներն ու ճանապարհներն անմխիթար վիճակում են: