«Ամերիկայի Ձայն»-ը (VOA) ԱՄՆ-ի միջազգային հաղորդումների ամենախոշոր կայանն է, որը լուրեր ու տեղեկատվություն է սփռում ավելի քան 4Օ լեզուներով, մեկ շաբաթվա կտրվածքով դրանք հասանելի դարձնում մոտավորապես 236 միլիոն 6ՕՕ հազար մարդու համար։ «Ամերիկայի Ձայն»-ը մատուցում է թվային, հեռուստատեսային ու ռադիո-լրատվություն։ Այն հեշտությամբ հասանելի է բջջային հեռախոսներով եւ սոցիալական լրատվամիջոցներով: Լրատվությունը տարածվում է արբանյակային ու մալուխային կապով, FM եւ MW ալիքներով։ Այն կապված է ավելի քան 2500 տեղակայանքների հետ։
1942 թվականին հիմնադրվելուց ի վեր, «Ամերիկայի Ձայն»-ը հավատարիմ է մնացել բազմակողմանի ու ճշմարտացի լուրեր հաղորդելու պարտավորությանը։ Երկրորդ աշխարհամարտի ու Սառը պատերազմի տարիներից ի վեր, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ ու հանուն ազատության այսօր մղվող պայքարի պայմաններում «Ամերիկայի Ձայն»-ը ծառայում է որպես ազատ մամուլի լավ օրինակ։
«Ամերիկայի Ձայն»-ը Հեռարձակումների կառավարման խորհրդի մաս է կազմում, պետական գործակալություն, որը վերահսկում է ԱՄՆ-ի ոչ ռազմական, միջազգային բոլոր հեռարձակումները։ Այն իր ֆինանսավորումը ստանում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից։
Ով ենք մենք, ինչ ենք մենք անում
Առաքելություն
«Ամերիկայի Ձայն»-ի առաքելությունն ամրագրված է նրա Կանոնագրով, որը հաստատվել է 1976 թվականին նախագահ Ջերալդ Ֆորդի ստորագրությամբ։
Միացյալ Նահանգների երկարաժամկետ հետաքրքրություններն իրականացվում են աշխարհի ժողովուրդների հետ ուղիղ կապի միջոցով։ Իսկ այս հարցում արդյունավետ լինելու համար «Ամերիկայի Ձայն»-ը պիտի ձեռք բերի իր ունկնդիրների ուշադրությունն ու հարգանքը։ Հետեւաբար, իր հեռարձակումներում “Ամերիկայի Ձայն»-ն առաջնորդվելու է այս սկզբունքներով։
- «Ամերիկայի Ձայն»-ը ծառայելու է որպես լրատվության մշտապես վստահելի եւ հեղինակավոր աղբյուր։ «Ամերիկայի Ձայն»-ը լինելու է ճշգրիտ, անկողմնակալ ու բազմակողմանի։
- «Ամերիկայի Ձայն»-ը ներկայացնելու է ամբողջ Ամերիկան, այլ՝ ոչ Ամերիկայի հասարակության որեւէ եզակի հատված։ Այս առումով, այն ներկայացնելու է ամերիկյան մտքի ու հաստատությունների հավասարակշռված եւ բազմակողմանի պատկերը։
- «Ամերիկայի Ձայն»-ը Միացյալ Նահանգների քաղաքականությունը ներկայացնելու է հստակ ու արդյունավետ կերպով։
Ջերալդ Ֆորդ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ
12 հուլիսի, 1976
Պետական օրենք 94-35Օ
Արժեքները
«Ամերիկայի Ձայն»-ի լրագրողական օրենսգիրքը ներկայացնում է կայանի արժեքներն ու քաղաքականությունը
Լրագրողական օրենսգիրք
ԱՌԱՋԱԲԱՆ
1942 թվականից ի վեր «Ամերիկայի Ձայն»-ը ձեռք է բերել լրատվության վստահելի աղբյուրի համբավ։ Աշխարհի տարբեր հատվածներում «Ամերիկայի Ձայն»-ից ակնկալում են Ճշգրտություն, հավասարակշռվածություն, բազմակողմանիություն եւ անկողմնակալություն։ Այս չափանիշներն են ամրագրված «Ամերիկայի Ձայն»-ի Կանոնադրության մեջ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հավատարիմ մնալով Կանոնագրի սկզբունքներին՝ «Ամերիկայի Ձայն»-ն իր բոլոր հաղորդումներում, ծրագրերում ու սոցիալական ցանցերում հենվում է ճշմարիտ ու անկողմնակալ տեղեկատվության վրա։ «Ամերիկայի Ձայն»-ի անձնակազմն իր հաղորդումներում խուսափում է անհավասարակշիռ կամ կողմնակալ տեղեկություններից։ «Ամերիկայի Ձայն»-ը չի խոսում ԱՄՆ-ի կառավարության անունից։ «Ամերիկայի Ձայն»-ի աշխատակազմը չի ստանում ԱՄՆ-ի կառավարության պաշտոնատար անձանց կամ որեւէ կազմակերպության աջակցությունը։
«Ամերիկայի Ձայն»-ը լրատվության հզոր ու վստահելի աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ազատությանն ու ժողովրդավարությանը։
Օրենսգիրք
Աշխատակազմի այն աշխատակիցները, որոնք պատրաստում են հաղորդումներ, խմբագրում կամ նյութեր նախապատրաստում «Ամերիկայի Ձայն»-ի համար, պետք է հետեւեն այս սկզբունքներին.
Լրատվության աղբյուրի ընտրությունն ու այդ աղբյուրին հղելու քաղաքականությունը
- Հնարավորության դեպքում պետք է նշվի լուրի սկզբնաղբյուրը։ Եթե տվյալ աղբյուրը չի ցանկանում իր անունը հրապարակել, նրա հաղորդած տեղեկատվությունըպիտի ընդգրկի աղբյուրի մասին առավելագույն նկարագրություն։
- Անանուն աղբյուրը պիտի ունենա տվյալ լուրի մասին հաստատված տեղեկություններ։
- Մինչեւ անանուն աղբյուրից տեղեկություններ վերցնելը, «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողները պետք է վստահ լինեն, որ տվյալ լուրի համար չունեն այլ աղբյուր։ Աղբյուրի մասին գաղտնիություն պահպանելու խնդրանք կարող է ներկայացնել տվյալ աղբյուրը, սակայն՝ ոչ լրագրողը։ Սակայն խմբագիրն ունի աղբյուրի անունն իմանալու իրավունք։
- Տվյալ աղբյուրի գաղտնիությունը պահպանելով՝ լրագրողը պետք է հնարավորին չափ ներկայացնի այդ աղբյուրի նկարագիրը։
- Պատշաճ հղում կատարելու հանգամանքը լավ լրագրության հիմնական բաղադրիչներից է։ Երբ «Ամերիկայի Ձայն»-ը տեղեկություններ է հաղորդում որեւէ հոդվածից, խմբագրականից, տեսակետից կամ սոցիալական որեւէ ցանցից, պարտադիր է, որ այն հղում կատարի տվյալ կազմակերպությանը, հասարակական կազմակերպությանը կամ մամուլի միջոցին։ Այդ տեղեկությունը չընդգրկելու դեպքում «Ամերիկայի Ձայն»-ը կարող է հայտնվել հեղինակային իրավունքը խախտելու կամ գրագողության մեղադրանքների ներքո։
Ճշգրտություն եւ հավասարակշռվածություն
- Ճշգրտությունը եւ հավասարակշռվածությունն «Ամերիկայի Ձայն»-ի բարձրագույն հատկանիշներն են։ Էական է, որ արագության նկատմամբ առաջնահերթությունը տրվի ճշգրտությանը։
- «Ամերիկայի Ձայն»-ը թույլ չի տալիս, որ օտարերկրյա կամ հայրենական որեւէ միջոց իր ռադիո-հեռուստատեսային հաղորդումները, իր կայքէջում կամ սոցիալական ցանցերում տեղադրված տեղեկությունները կիրառի որպես հարթակ իր իսկ տեսակետների համար։
- Յուրաքանչյուր դեպքում, երբ «Ամերիկայի Ձայն»-ը հաղորդում է ինչ որ անհատի կամ որեւէ խմբավորման կողմից հնչող մեղադրանք, կամ ներկայացնում վիճահարույց մի հարցի շուրջ կողմերից մեկի տեսակետը, պարտավոր է նույն հաղորդման կամ հոդվածի մեջ կիրառել նաեւ հավասարակշռող տեղեկատվություն։ Եթե հավասարակշռող տեղեկատվությունն անհնար է ներկայացնել անհրաժեշտ ժամանակահատվածում, այն պետք է ընդգրկվի հաղորդման մեջ կամ տպագրվի առցանց ամենասեղմ ժամկետում։
Անաչառություն
- «Ամերիկայի Ձայն»-ը միշտ ներկայացնում է դեպքերի եւ իրադարձությունների մասին ամբողջական եւ անաչառ տեղեկատվություն։ «Ամերիկայի Ձայն»-ի աշխատակիցները տեղեկատվությունը գնահատում են ըստ կարեւորության, երբեք չեն աջակցում որեւէ բռնություն, հրաժարվում են դեպքերն ուռճացնելու, անհատական գնահատականներ տալու քայլերից կամ ապակողմնորոշող շեշտադրումներից։
- «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողները չեն կիրառում բացասական բառեր, կամ պիտակավորում որեւէ անձի կամ որեւէ կազմակերպություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անհատ անձինք կամ խմբերն իրենք են կիրառում այդ պիտակներն՝ իրենց կամ իրենց գործունեությունը նկարակգրելու համար։
- «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողները չեն կեղծում, աղավաղում կամ ուռճացնում որեւէ իրադարձություն։ Որեւէ դեպքում տեղեկությունները, կամ ձայնային ու տեսագրված նյութերը չեն կիրառվում ունկնդրին կամ ակնդրին իրականությունից շեղելու նպատակով։
Համատեքստ եւ համակողմանիություն
- Ամերիկայի Ձայն»-ը ներկայացնում է Ամերիկայի եւ աշխարհի համակողմանի պատկերը եւ իրադարձությունները մշտապես կիրառում համապատասխան համատեքստում: Այն նշանակում է հաստատուն զգոնություն՝ պատկերելու համար Ամերիկայի ու աշխարհի քաղաքական, աշխարհագրական, մշակութային, էթնիկական, կրոնական ու սոցիալական բազմազանությունը:
- Ամերիկայի Ձայն»-ի անձնակազմն իր հաղորդումներում, ծրագրերում, կայքերում ու սոցիալական ցանցերում խուսափում է քաղաքական կամ կողմնակալ այլ միջոցների կիրառումից: Խմբագրական հայտարարություններ կատարելիս՝ երաժշտություն չի կիրառվում: Նորությունների, ամենօրյա հաղորդումների, ծրագրերի, առցանց ու սոցիալական մամուլի բոլոր նյութերը պիտի խուսափեն այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են առաջ բերել համագործակցության տպավորություն:
Սոցիալական մամուլ
- Սոցիալական մամուլում ու հանրային բոլոր տարածքներում դուք մնում եք որպես «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողներ: Չափազանց կարեւոր է, որ լինեք արդար, անկողմնակալ եւ օբյեկտիվ՝ հանրային բոլոր տարածքներում:
- Հակասական դիրքեր գրավելու կամ հակասական մեկնաբանություններ կատարելու դեպքում դրանք կարող են բացասաբար անդրադառնալ ձեզ ու ձեր գործակալության վրա: Ձեր լսարանն էլ կարող է հավատալ, որ մենք ճշմարտախոս չենք եւ ի զորու չենք հակասություններ պարունակող իրադարձություններում երկու կողմերին ներկայացնել արդար կերպով: «Ամերիկայի Ձայն»-ից 75 տարի է պահանջվել իր հեղինակությունը կառուցելու համար: Իսկ դուք էլ աշխատանքային ձեր ժամանակն եք ծախսել ձեր հեղինակությունը կառուցելու համար: Եվ այդ վստահությունն անխախտ պահպանելու նպատակով մենք պիտի հավատարիմ մնանք անկախության եւ արդարամտության բարձր չափանիշներին:
- Ամերիկայի Ձայն»-ի անձնակազմը կարող է սոցցանցերում հետեւել կամ «ընկերակցել» հարցի երկու կողմերում գտնվող անհատ անձանց կամ խմբերի: Չափազանց կարեւոր է ուշադրություն դարձնել կողմերի տեսակետներին՝ ստանալու համար տվյալ հարցի վերաբերյալ հնարավորինս ծավալուն տեղեկատվություն: Սակայն որեւէ դեպքում չպետք է հաստատել մեկ կամ մյուս կողմի տեսակետը «հավանություն» (like) տալու միջոցով:
- Սոցիալական մամուլից «Ամերիկայի Ձայն»-ի հաղորդումներում մեկնաբանություններ ընդգրկելն ընդունելի է, եթե մեկնաբանության հեղինակը ներկայանում է պարզորոշ կերպով եւ այդ մեկնաբանությունը պարզորոշ կերպով արտացոլում է լսարանի տեսակետը: Հարկավոր է հավասարակշռել տեսակետները՝ հասարակական տրամադրություններն արդար կերպով ներկայացնելու համար:
Ընթացակարգ
- Ամերիկայի Ձայն»-ի աշխատակազմը մշտապես ճամփորդում է սովորական, ոչ դիվանագիտական անձնագրերով եւ արտասահմանյան երկրներում ԱՄՆ-ի ներկայացուցչություններին աջակցության խնդրանքով դիմում՝ որպես մասնավոր հատվածի թղթակիցներ:
- Ամերիկայի Ձայն»-ի անձնակազմն աջակցություն է ցուցաբերում ղեկավար այն անձանց, որոնց պարտականությունների մեջ է մտնում ապահովելը, որ գործակալության որեւէ աշխատակից չի աշխատում ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող այլ հաստատություններում, այլ պետության պաշտոնական մամուլի որեւէ գործակալությունում կամ միջազգային որեւէ կազմակերպությունում առանց «Ամերիկայի Ձայն»-ի հատուկ թույլտվության:
- Ամերիկայի Ձայն»-ի աշխատակազմը խստորեն հարգում է հեղինակային իրավունքի մասին օրենքներն ու գործակալության կանոնները եւ, մեջբերելիս, մշտապես ներկայացնում աղբյուրը:
- Ամերիկայի Ձայն»-ի աշխատակիցներն իրենց աշխատանքներն իրականացնում են արհեստավարժության առավելագույն հնարավորություններով, եւ ընդունում, որ իրենց գործողություններն աշատանքային ու ոչ աշխատանքաին ժամերին անդրադառնում են «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքների վրա: Մարդկանց ու տարբեր հարցերի նկատմամբ ցուցաբերվող արհեստավարժ ու հարգալից մոտեցումը չափազանց կարեւոր է «Ամերիկայի Ձայն»-ի հեղինակությանն ու արդյունավետությանը զարկ տալու գործում: