Հանրապետական նախագահ Թրամփի կողմից Ռուսաստանում ամերիկյան դեսպանի պաշտոնին առաջադրված Ջոն Հանթսմանն անդրադարձել է նաև դեմոկրատական վարչակազմի օրոք իր գործունեությանը: Հիշեցնենք, որ Հանթսմանը նախագահ Օբամայի օրոք ստանձնել էր Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:
«Այո, աշխատել եմ դեմոկրատների օրոք: Դա նման է ծառայության, որն այս պահին մատուցում են երկրին իմ երկու որդիներն ԱՄՆ-ի ռազմական նավատորմում: Նրանք չեն հարցնում, որ կուսակցությանն է պատկանում նախագահը: Ես ցանկանում եմ հստակ ընդգծել բոլորին, որ ինձ համար առաջնայինն իմ երկրի շահերն են»,- ասել է Հանթսմանը:
Թրամփը ժամանակին քննադատաբար է մոտեցել Հանթսմանի գործունեությանը Չինաստանի դեսպանի պաշտոնում՝ մեղադրելով նրան երկիրը ''Չինաստանին հանձնելու՛՛ մեջ: Վերջին նախագահական մրցավազքի ժամանակ Հանթսմանը հրաժարվել էր աջակցել Թրամփին՝ կանանց մասին վերջինիս արած հակասական հայտարարություններից հետո: Թրամփի ընտրվելուց հետո , սակայն, Հանթսմանը աջակցել է Թայվանի նախագահի շնորհավորական հետախոսազանգն ընդունելու հարցում վարչակազմի որոշումը:
«Մենք բազմաթիվ ընդհանուր շահեր և արժեքներ ունենք Թայվանի հետ: Մենք ունենք լայն առևտրային կապեր: Մենք համապատասխան չափով չենք շփվում, ուստի կարծում եմ սխալ չէր ընդունել զանգը մինչև նախագահի պաշտոնի պաշտոնապես ստանձնումը»,- ընդգծել է Հանթսմանը:
Վերլուծաբան Սթիվեն Փայֆերն աջակցում է Հանթսմանի թեկնածության առաջադրմանը:
«Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա է հանրության մոտ որոշակի հոռետեսություն: Այս առումով նա չափազանց լավ կներկայացնի այս մոտեցումը դեսպանի պաշտոնում: Դա չի նշանակում, որ նա չի կարողանա աշխատել ռուսական կողմի հետ: Նա ուղղակի սթափ մոտեցում կցուցաբերի Մոսկվայում»,- նշում է Փայֆերը:
ԱՄՆ-ի Սենատը պետք է հաստատի Հանթսմանի թեկնածությունը: Նշանակման դեպքում նա կստանձնի այս պաշտոնն այն դժվարին օրերին, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովն ու հատուկ հետաքննողը փորձում են պարզել, թե արդյոք Թրամփն ու իր թիմը կապեր են ունեցել Ռուսաստանի հետ նախագահական ընտրապայքարի օրերին: