Չնայած Դոնալդ Թրամփի նախընտրական խոստմանը և ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնության ջանքերին, գործող առողջապահական համակարգը՝ «Օբամաքեր» ծրագիրը, ամենայն հավանականությամբ, փոփոխության չի ենթարկվի մինչև 2018 թվականի Կոնգրեսի ընտրությունները:
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի գործող առողջապահական համակարգի փոփոխմանն ուղղված Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ Մաքոննելի ջանքերը կրկին ձախողվեցին՝ վերափոխված նոր առողջապահական համակարգի օրինագծին՝ հանրապետական երկու սենատորների դեմ լինելու պատճառով:
Զբաղեցնելով Սենատի 100 տեղերից 52-ը՝ հանրապետականները կարող են ընդամենը երկու քվե կորցնել նոր օրինագծի անցկացման համար: Ակնկալվում է, որ դեմոկրատ 48 սենատորները նույնպես միաձայն դեմ կքվեարկեն նոր առողջապահական համակարգի մասին օրինագծին, եթե այն կրկին դրվի քվեարկության:
Հիշեցնենք, որ սա Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ Մաքոննելի ներկացրած առողջապահական համակարգի մասին նոր օրինագծի երկրորդ ձախողումն է: Մաքոննելը անցյալ ամիս ստիպված էր չեղյալ հայտարարել օրինագծի նախնական տարբերակի քվեարկությունը՝գիտակցելով, որ պարտությունն անխուսափելի է՝ բավարար ձայների բացակայության և Հանրապետական կուսակցության ներսում բավարար աջակցություն չունենալու պատճառով:
Դոնալդ Թրամփը հայտնել է իր հիասթափությունը այս առթիվ և ընդգծել, որ լիահույս է, որ «Օբամաքեր» առողջապահական ծրագրի կատարյալ չեղարկումը հնարավոր կլինի 2018 թվականին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններից հետո: