Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ չվերթներից վերացվել է էլեկտրոնային սարքավորումների մուտքը ինքնաթիռ արգելող սահմանափակումը:
«Մեր գործընկերների հետ բանակցությունների արդյունքում եկել ենք համաձայնության հանել սահմանափակումները այս պահին և լիազորել տեխնիկական անձնակազմին իրականացնել անվտանգության հետ կապված ստուգումներ: Այս պահին ամերիկյան չվերթների ժամանակ համակարգիչների համար նախատեսված սահմանափակումները հանված են»,- հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը:
Turkish Airlines ավիաընկերությունը տարածել է հաղորդագրություն, ուր նշում է, որ դեպի Միացյալ Նահանգներ չվերթների ընթացքում ուղևորներին կթույլատրեն իրենց մոտ պահել համակարգիչները:
Նույն սահմանափակման վերացման մասին է հայտարարել Emirates ավիաընկերությունը, որը Մերձավոր Արևելքի ամենախոշոր ավիաընկերություններից է:
Մարտին ԱՄՆ-ը որոշակի սահմանափակում մտցրեց 8 երկրների 10 օդանավակայաններից դեպի Միացյալ Նահանգներ չվերթների նկատմամբ: Այդ երկրներն են՝ Եգիպտոսը, Մարոկոն, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարն ու Թուրքիան: Այն կապված էր ստացված տեղեկության հետ, որ ահաբեկիչները կարող են պայթուցիկ անցկացնել ինքնաթիռ համակարգչի միջոցով։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ հունիսի 29-ից կուժեղացվեն անվտանգության հետ կապված միջոցառումները՝ ուղևորների և նրանց բեռների ստուգման համատեքստում: