​Շրջափակման արդյունքում Քաթարը հայտնվել է ճգնաժամի մեջ

Այս ամսվա սկզբին արաբական հինգ երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է սկսել բանակացություններ։

Պարսից ծոցի երկրների մի խումբ բարձրաստիճան նախարարներ այս շաբաթ պատրաստվում են հանդիպել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ տարածաշրջանային ճգնաժամի և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը և այլ երկրներ հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու, ինչպես նաև՝ ցամաքային, օդային և ծովային շրջափակում սկսելու մասին: Պարսից ծոցի երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, 13 կետից պահանջների ցուցակ էին ներկայացրել Քաթարի իշխանություններին:

Հինգշաբթի օրը Քաթարի արտգործնախարարը Վաշինգտոնի արաբական հարցերով կենտրոնում անդրադարձել է ներկայացված պահանջներին:

«Քաթարի պատասխանը կշռադատված է, բայց և՝ հստակ: Մենք պատրաստ ենք բանակացել մեր հարևանների հետ ցանկացած իրավական խնդրի շուրջ, որը չի ենթադրի պետական ինքնիշխանության որևէ փոխզիջում: Պետքարտուղար Թիլերսոնը նույնպես նշել է, որ ներկայացված պահաջները բարդ է իրականացնել», - հիշեցրել է Քաթարի արտգործնախարար Մուհամեդ բին Աբդուլրահման ալ-Թանին:

Վերլուծաբանների համոզմամբ՝ Թիլերսոնը քաջատեղյակ է, թե որոնք են Քաթարում ԱՄՆ-ի շահերը:

«Օրինակ, Քաթարում է գտնվում ԱՄՆ-ի կարևորագույն նշանակության ռազմական կենտրոններից մեկը՝ Կենտրոնական հրամանատարությունը, որտեղ տեղակայված են 11 հազար թվակազմով բանակայիններ: Սա տարածաշրջանում մեր ամենամեծ ռազմական կենտրոնն է, որը Քաթարը մեզ տրամադրել է գրեթե անվճար», - ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտից Ալեն Քեյզվեյթերը:

Պետքարտուղարությունը հայտնել է, որ պատրաստ է աջակցել խնդրի կարգավորմանը և համբերատարության կոչ արել:

«Բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը պետք է կարգավորվի, սակայն բարդ է հիմա խոսել ստույգ ժամկետների մասին», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուերթը:

Մոտ 3 մլն բնակչություն ունեցող, նավթով հարուստ Քաթարի տնտեսությունը մեծապես կախված է նաև ներկրումներից: Թուրքիան և Իրանը շարունակում են լրացնել բացը՝ մարդասիրական օգնություն տրամադրելով աշխարհի ամենահարուստ երկրների շարքին դասվող այս պետությանը: